Ճապոնիայում սկսվել են անվարորդ ավտոմեքենայի առաջին փորձարկումները սովորական ճանապարհով. Kyodo
Փորձարկման համար ընտրվել է 700 մետր երկարությամբ ճանապարհահատված, որը բաց է մյուս ավտոմեքենաների երթեւեկության համար:
Այդ մասին հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը: Անվարորդ միկրոավտոբուսը խցիկներով ու ռադարներով գրանցում է ճանապարհի իրադրությունը, արձագանքում ճանապարհանշաններին, մյուս մեքենաների եւ հետիոտների գործողություններին: Փորձարկումների առաջին փուլում դրան թույլատրված է շարժվել է ոչ ավելի, քան 15 կմ/ժամ արագությամբ: Անվարորդ մեքենայի գործողություններին հեռակառավարման համակարգի օգնությամբ հետեւում է օպերատորը. արտակարգ դեպքերում նա կարող է կանգնեցնել միկրոավտոբուսը:
Այն մշակվել է տեղի վենչուրային ընկերություններից մեկի կողմից, որը մտադիր է հետագայում ստեղծել անվարորդ տաքսիների հավաքակազմ: Ենթադրվում է, որ մինչեւ գալիք տարվա մարտ համանման փորձարկումներ կանցկացվեն նաեւ Այտի պրեֆեկտուրայի վարչական կենտրոնի՝ ավելի քան 2 մլն բնակիչ ունեցող Նագոյա քաղաքի շատ ավելի բանուկ փողոցներում:
Ճապոնիայի իշխանություններն ընթացիկ ֆինանսական տարում շուրջ 2,85 տրլն իեն (մոտավորապես 25 մլրդ եվրո) են հատկացրել անվարորդ կառավարման տեխնոլոգիաների զարգացման եւ էկոլոգիապես մաքուր ավտոմեքենաների նոր սերունդների ստեղծման համար: Սա բացարձակ ռեկորդ է նման մշակումների վարման ողջ ժամանակաշրջանում, որոնց աջակցում է երկրի կառավարությունը: Իշխանությունները հույս ունեն, որ մինչեւ 2030 թվականը Ճապոնիայի ճանապարհներին յուրաքանչյուր հինգերորդ ավտոմեքենան կերթեւեկի, թեկուզեւ մասնակիորեն, առանց վարորդի մասնակցության: Սպասվում է, որ մինչեւ 2020 թվականն անվարորդ ավտոմեքենաները կթույլատրվեն երկրի առանձին շրջաններում, իսկ մինչեւ 2025 թվականը պլանավորվում է դրանցից ձեւավորել լիարժեք ներքին շուկա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: