«Անընդունելի է, երբ Լատվիան անում է հայտարարություններ, որոնք հակասում են ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը». Շարմազանովը՝ Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը, դեկտեմբերի 14-ին հանդիպել է Լատվիայի ԱԳՆ պետական քարտուղար Անդրեյ Պիլդեգովիչի հետ: Հանդիպմանը ներկա է եղել Լատվիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լատվիական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու Եվրամիության հետ Հայաստանի շարունակական փոխգործակցությանն առնչվող հարցեր:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ ընդգծելով, որ այն նոր էջ է բացում ՀՀ-ԵՄ հարաբերությունների պատմության մեջ: Նրա խոսքով՝ Հայաստանը մշտապես հայտարարել է, որ ԵՄ-ի հետ սերտ համագործակցությունը երկրի առաջնային ուղղություններից է:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պարոն Շարմազանովն անընդունելի է համարել Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի փակումը՝ ընդգծելով, որ այդ պետությունը հետքայլ է կատարել Ցյուրիխյան արձանագրություններից եւ նախապայմաններ է դնում հարաբերությունների կարգավորման գործընթացում, ինչը եւս անընդունելի է:
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ ՀՀ տեսակետն այս հարցում համահունչ է ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը: «Ինչպես Մինսկի խումբը, Եվրամիությունը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը հիմնախնդրի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորման կողմնակից է՝ երեք հայտնի սկզբունքների հիման վրա, մինչդեռ Ադրբեջանը, աղավաղելով իրականությունը, փորձեր է անում առանձնացնել տարածքային ամբողջականությունը: Տարակուսելի ու անհասկանալի է, որ ԵՄ անդամ որոշ երկրներ, այդ թվում Լատվիան, Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության հռչակագիր են ստորագրել, որտեղ երեք հայտնի սկզբունքներից առանձնացվում է տարածքային ամբողջականությունը: Սա հակասում է թե՛ Մինսկի խմբի, թե՛ ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը, որը եւս մեկ անգամ հաստատեց ԵՄ-ն նոյեմբերի 24-ին»,-ասել է պարոն Շարմազանովը:
Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: