Կադաստրը պետգույքի վարչության հետ կմիավորվի՞. Գալուստ Սահակյանն ամեն ինչ անում է, որ ղեկավար դառնա իր որդին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Սահմանադրության պահանջով՝ կառավարությանն առընթեր մարմինները մինչև եկող տարվա ապրիլը պետք է միավորվեն որևէ գերատեսչության հետ կամ նախարարության կարգավիճակ ստանան:
Մեր տեղեկություններով՝ քննարկվում է Կադաստրի պետական կոմիտեն պետգույքի վարչության հետ միավորելու և տարածքային կառավարման նախարարության մեջ ընդգրկելու հարցը: Տեղեկություններ կան, որ Գալուստ Սահակյանն ամեն ինչ անում է, որ միավորված միավորի ղեկավար դառնա որդին՝ պետգույքի վարչության պետ Արման Սահակյանը:
ԱԺ նախկին խոսնակը որդու՝ կառույցի ղեկավար դառնալու լուրերի մասին մեր հարցին պատասխանեց.
«Որ իմ տղան նախարար կարող է աշխատի, դրանում չեմ կասկածում, բայց քաղաքական նախապայման է պետք, որ աշխատի… որդիս իր աշխատանքը լավ կատարող անձնավորություն է»:
Նրա կարծիքով, ժողովուրդը դեռ վաղ ժամանակներից կարծես մի հարցի մասին է մտածում, թե «երբ իրենց երեխաները պետք է նախարար դառնան»:
«Նախկինում՝ կոմունիստների ժամանակ, գյուղացիների մեջ արմատավորված էր հետևյալը՝ երբ պիտի որդիս փոխնախարար դառնա, որովհետև նախարարներն արագ փոխվում էին, փոխնախարարները՝ երկար մնում իրենց տեղում: Ես ասեմ հետևյալը. ես միայն փոշմանել եմ, որ իմ որդին կամ որդիները քաղաքականությամբ են զբաղվում, ես իրենց չեմ ուղղորդել, պարզապես իրենք տեսել են՝ ես ինչ եմ անում, ինչպես եմ անում, և եկել են իմ հետևից:
Ես փոշմանել եմ, որովհետև, օրինակ, մարդը, որի որդին նկարիչ է դարձել, իր զավակին միայն ծափահարում են արած աշխատանքի համար, իսկ քաղաքական գործչի որդին, որ քաղաքական գործիչ է դառնում, ասում են՝ ըհը, սաղ երկիրը կերավ, հիմա էլ որդուն է բերել շարունակող: Ես չեմ կարծում, թե քաղաքական գործիչները լավ են ապրում: Նրանք, ովքեր բիզնես ունեն, իրենք են լավ ապրում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: