Ահաբեկիչները շատացե՞լ են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի` իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ, խմբավորում ձևավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության և գաղտնապահության կանոնների մասին:

Նույն ժամանակահատվածում նշված անհատական էջի միջոցով տարածվել են նաև Հայաստանի Հանրապետության իրավապահ և այլ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, պայթյուններ, հրկիզումներ իրականացնելու և այդ եղանակով համընդհանուր վախի մթնոլորտ ձևավորելու ուղղակի կոչեր:

Արդյունքում, որոշվել է քրեական գործ հարուցել, որի շրջանակներում Ռոբերտ Քուրքյանին ներգրավել են որպես մեղադրյալ՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու փորձի և ահաբեկչության նախապատրաստության մեղադրանքով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, և հայտարարվել է հետախուզում:

Ըստ տարածված լուրերի` «Սասնա ծռեր» խմբավորման անդամները, ինչպես նաև Ժիրայր Սէֆիլյանը, մշտապես աջակցություն են ստացել ԱՄՆ-ից, ուստի չի բացառվում, որ ԱՄՆ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներին կամ հայերի որոշակի խմբերին զսպելու նպատակ է հետապնդում ԱԱԾ-ի այս քայլը:

«Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց, որ այս քայլը զգուշացում է նաև մյուս քաղաքացիներին, որ արտահայտվելուց առաջ մտածեն, թե ինչ են խոսում:

«Ընդհանուր առմամբ մենք պետք է մտածենք, թե ինչ երկրում ենք ապրում: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ քնից արթնացած մարդը ցանկանում է սրանցից ազատվել, և ինչ ասի, նորմալ է ընդունվում ազգաբնակչության կողմից: Դուք տեսել եք, թե ինչ երթեր էին մարդիկ կազմակերպում արտասահմանում` ի պաշտպանություն «Սասնա ծռերի»:

Հիմա էլ, խնդրեմ, ահաբեկչական միտումներ ունի մեր հայրենակիցը, որը ԱՄՆ քաղաքացի է, վաղը` ավստրալիական քաղաքացին, մյուս օրն` Անգլիայից մեկը: Բայց այս ամենից ազատվելու մեկ տարբերակ կա. ապրել նորմալ երկրում, ունենալ իշխանության նորմալ ղեկավար, և ոչ մեկի մտքով չի անցնի նման խմբավորում ստեղծել»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս