«Մենք պետք է կարողանանք պայմաններ ստեղծել ներգաղթի համար». Սերժ Սարգսյանը՝ ՀՀ բնակչությունը 4 միլիոնի հասցնելու մասին
Բնակչության 4 միլիոնանոց նշաձողը Հայաստանի նորմալ զարգացման նախապայմանն է և Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը իրատեսական է համարում մինչև 2040թ. Հայաստանի բնակչության նման ցուցանիշի հասնելը: «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ Նախագահն ասել է, որ չնայած այս ուղղությամբ կոնկրետ գործողությունների ծրագիր դեռևս, սակայն իր ելույթից հետո ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղված է հենց այդ հարցերով:
«Ես կարծում եմ, որ մեր առաջիկա խնդիրը այս 5 տարիների ընթացքում միգրացիան հասցնել, այսպես ասած զրոյական մակարդակի՝ գնացողների-եկողների տարբերությունը, որպեսզի դրական լինի Հայաստանի համար կամ գոնե զրոյական։ Մենք, ակնհայտ է, որ ծնունդ, մահ ամուսնություն, ամուսնալուծություն բնական ճանապարհով չենք կարող հասնել տեսանելի ապագայում կամ հեռու ապագայում 4 միլիոնի»,- նշել է Նախագահ Սարգսյանը։
Նա նշել է, որ շատ լուրջ ուշադրություն դարձնելով առողջապահական խնդիրներին, շատ լուրջ ուշադրություն դարձնելով ընտանիքներին, նրանց ամրապնդմանը, սոցիալական վիճակին, երիտասարդների զբաղվածությանը և այլն, մենք պիտի կարողանանք այս ժամանակահատվածում հնարավորություններ ստեղծել ներգաղթի համար։ «Ես սա շատ իրատեսական եմ համարում, որովհետև շատ-շատ մարդիկ, ովքեր արտագաղթել են Հայաստանից չեն գտել այն, ինչ փնտրում էին։ Եվ այդ մարդկանց կարելի է վերադարձնել»,- ասել է ՀՀ Նախագահը։