Բաժիններ՝

Գիտնականները պատմել են տարեցների համար տեսախաղերի օգտակարության մասին

Տեսախաղերը լավացնում են մեծահասակների հիշողությունը եւ ուղեղի աշխատանքը, ինչը պարզել են Մոնրեալի համալսարանի գիտնականները: Նրանք իրենց ուսումնասիրության արդյունքները հրապարակել են PLOS One հանդեսում:

Ավելի վաղ գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ տեսախաղերի շնորհիվ երիտասարդների հիպոկամպում ավելանում է գորշ նյութի քանակը: Նոր հետազոտությանը մասնակցել է 55-ից մինչեւ 75 տարեկան 33 մարդ: Նրանց բաժանել են երեք խմբի՝ մի խումբը խաղացել է Super Mario 64, մյուսը դաշնամուր նվագել է սովորել, երրորդը չի ընդգրկվել որեւիցե ակտիվության մեջ: Նրանց նկատմամբ դիտարկումը շարունակվել է վեց ամիս: Արդյունքները գնահատվել են ճանաչողական թեստերի եւ MPT-սքանավորման օգնությամբ:

Պարզվել է, որ Super Mario 64 խաղացող մեծահասակների հիպոկամպում ավելացել է գորշ նյութի քանակը: Բացի այդ, նրանց մոտ լավացել է կարճաժամկետ հիշողությունը:

Նրանց մոտ, ովքեր դաշնամուր նվագել էին սովորում, գորշ նյութի քանակն ավելացել է դորսոլատերալ կեղեւում: Երրորդ խմբում գորշ նյութի քանակը բոլոր տեղամասերում կրճատվել է:

Գիտնականների խոսքով՝ տեսախաղի շնորհիվ հիպոկամպն ստեղծում է վիրտուալ աշխարհի ճանաչողական քարտեզ: Դա օգնում է նվազեցնել գորշ նյութի կորստի սպառնալիքը, ինչը հաճախ է պատահում տարեցների մոտ եւ հանգեցնում է նեւրոլոգիական հիվանդությունների, մասնավորապես, Ալցհեյմերի հիվանդության, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս