Հռոմի պապը հորդորել է ԱՄՆ-ի դեսպանությունը չտեղափոխել Երուսաղեմ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը դեկտեմբերի 6-ին մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու Վաշինգտոնի որոշման կապակցությամբ եւ հորդորել է պահպանել ստատուս-քվոն: Ինչպես ավելի վաղ հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը, Դոնալդ Թրամփն այդ որոշման մասին հայտարարելու է դեկտեմբերի 6-ին:
«Չեմ կարող թաքցնել իմ խորը մտահոգությունը վերջին օրերին ստեղծված իրադրության կապակցությամբ եւ միաժամանակ չդիմել քաղաքի ստատուս-քվոն պահպանելու կոչով՝ ՄԱԿ-ի բազմաթիվ բանաձեւերին համապատասխան»,-հայտարարել է քահանայապետը: Երուսաղեմը, Հռոմի պապի խոսքով, «մնում է բացառիկ քաղաք, այն հրեաների, քրիստոնյաների ու մուսուլմանների սրբազան քաղաքն է»:
Հռոմի պապը հույս է հայտնել, որ Երուսաղեմի հարցում «կգերակշռի իմաստնությունն ու համբերությունը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: