Բաժիններ՝

Հայտարարվել են տարվա լավագույն ֆիլմերը

Vulture ինտերնետ-պորտալը կազմել է անցնող տարվա լավագույն կինոնորույթների վարկանիշը: Ցուցակում տեղ են գտել ոչ միայն գեղարվեստական նախագծեր, այլեւ վավերագրական, ինչպես նաեւ կարճամետրաժ ժապավեններ։

Վարկանիշի առաջատար է դարձել Շոն Բեյքերի «Ֆլորիդա» նախագիծը»՝ ամերիկյան տրագիկոմեդիան մանկական աշխարհզգացության եւ կյանքի արժեքների մասին: Կինոնկարը, հնարավոր է, դարձել է Ուիլեմ Դեֆոյի լավագույն աշխատանքը եւ կինոսիրողներին ծանոթացրել է դերասանուհի Բրուքլին Փրինսի հետ, ասված է հոդվածում:

Երկրորդ տեղը բաժին է հասել կինոքննադատների բարեհաճությանն արժանացած «Ինձ քո անունով կոչիր» ժապավենը: «Ես սերն եմ» եւ «Մեծ պոռթկում» ֆիլմերով հայտնի ռեժիսոր Լուկա Գուադանիոնի նոր աշխատանքը դարձել է Անդրե Ասիմանի համանուն նովելի էկրանավորումը: Կինոնկարում գլխավոր դերերը խաղացել են Արմի Համերը, Թիմոթի Շալեմեն եւ Մայքլ Սթուլբարգը:

Առաջատարների եռյակը եզրափակում է Գրետա Հերվիգի «Լեդի Թռչունը» ռեժիսորական դեբյուտը՝ իսլանդացի երիտասարդ դերասանուհի Սիրշա Ռոնանի մասնակցությամբ: Ֆիլմում ներկայացված է Սակրամենտոյից ավագդասարանցի ըմբոստ մի աղջկա պատմությունը, որը ցանկանում է Նյու Յորք փախչել իր ավագ հոգեեղբոր հետ միասին: Կինոնկարը գերել է կինոքննադատների սրտերը եւ արդեն դարձել է պարգեւատրման տարեշրջանի ֆավորիտը:

Վարկանիշի չորրորդ հորիզոնականն զբաղեցրել է սեւ կատակերգության եւ հորրորի ժանրային միքսը՝ «Հեռու ինձանից» ֆիլմը: Աֆրոամերիկացի ռեժիսոր Ջորդան Փիլի դեբյուտային նախագիծն արծարծում է ռասիզմի հարցերը՝ կասկածի դտակ դնելով ամերիկյան հասարակության հանդուրժողականությունը:

Անցնող տարվա լավագույն կինոնկարների ցուցակում հինգերորդը դարձել է կինոռեժիսոր Անիես Վարդայի եւ լուսանկարիչ JR-ի «Դեմքեր, գյուղեր» ֆրանսիական վավերագրական ֆիլմը: Կինոնկարն արժանացել է Կաննի միջազգային կինոփառատոնի «Ոսկե աչք» մրցանակին:

Թոփ-10-ում տեղ են գտել նաեւ «Մարջորի Փրայմ» կամերային դրաման՝ Ջոն Հեմի մասնակցությամբ, Իրաքի պատերազմի սարսափների մասին պատմող «Թաքնվելու տեղ չկա» կարճամետրաժ ժապավենը, Լյուք Բեսոնի «Վալերիանը եւ հազար մոլորակների քաղաքը», 90-ական թվականների սկզբին ՄԻԱՎ-ի դեմ պայքարի մասին «Րոպեում 120 զարկ» կինոնկարը, ինչպես նաեւ «Թափանցիկ թելը»՝ լեգենդար Դենիել Դեյ-Լյուիսի վերջին դերասանական աշխատանքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս