Բաժիններ՝

Ռուսաստանը զրկվում է եկող Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից

Օլիմպիական միջազգային կոմիտեն երեքշաբթը օրը կայացրեց Հարավային Կորեայում անցկացվելիք Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից Ռուսաստանին զրկելու մասին որոշում։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Կոմիտեն այս որոշումը կայացրեց՝ պատժելով Ռուսաստանին 2Օ14 թվականին Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ պետության հավանությամբ դոպինգային արշավ կազմակերպելու համար։ Որոշումը կայացվեց, երբ մրցակցությանը մնացել է միայն երկու ամսից քիչ ավելի ժամանակ։

Մոսկվան դեռեւս հանդես չի եկել մեկնաբանությամբ, սակայն պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ խաղերը չեն հեռարձակվելու Ռուսաստանում։

Ռուսաստանը պարբերաբար է հերքել իր մարզիկների կողմից դոպինգ ընդունելու մասին մեղադրանքները։ Սակայն Օլիմպիական կոմիտեն արդեն իսկ ռուս 11 մարզիկների էր զրկել Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ ստացած մեդալներից, իսկ 20 մարզիկի՝ ցմահ զրկել մարզական միջոցառումներին մասնակցելու իրավունքից։

Բացի Ռուսաստանի ներկայացուցիչներին Ռուսաստանի դրոշի տակ հանդես գալու իրավունքից զրկելու մասին որոշումը, Կոմիտեն նաեւ 15 միլիոն դոլարի տուգանք է ներկայացրել Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեին՝ նաեւ կասեցնելով Օլիմպիական միջազգային կոմիտեում Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկով անդամակցությունը։

Մինչեւ Օլիմպիական կոմիտեի որոշման հրապարակումը Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Մենք մտադիր ենք պաշտպանել մեր մարզիկների շահերը, հավատարիմ ենք մնում օլիմպիական արժեքներին ու իդեալներին, եւ պահպանում ենք Միջազգային կոմիտեի հետ բոլոր կապերը։ Այս կապերի միջոցով են լուծում ստանալու վեր ելած բոլոր խնդիրնեը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս