Հաագայի դատարանի դահլիճում թույն խմած խորվաթ գեներալը մահացել է
Նախկին Հարավսլավիայի համար Հաագայի միջազգային տրիբունալի դատաքննության ընթացքում թույն խմած Բոսնիայի խորվաթական բանակի նախկին գեներալ Սլոբոդան Պրալյակը հիվանդանոցում մահացել է: Ինչպես հաղորդում է BBC-ն, այն բանից հետո, երբ պաշտպանական կողմը հայտարարել էր, որ Պրալյակի խմած հեղուկը թույն է նախագահող դատավոր Կարմել Ագիուսը դադարեցրել է նիստը: Դատարանը որոշում Է ընդունել դադարեցնել նիստը եւ բժիշկ կանչել:
Դատարանի կայքում լսումների հեռարձակումը կասեցված Է: Պրալյակի հետ միասին այդ գործով անցնում են Բոսնիա Հերցեգովինայի խորվաթական պետական կազմավորման (իր գոյությունը դադարեցրել է 1995 թվականին Դեյթոնի հաշտության պայմանագրի կնքումից հետո բոսնիական պատերազմի ավարտմամբ) կառավարության ղեկավար Յադրանկո Պրլիչը, ղեկավարության նախկին անդամ Բերիսլավ Պուշիչը, խորվաթական բանակի նախկին գլխավոր ռազմական տեսուչ Միլիվոյ Պետկովիչը, խորվաթական «Վեչա Օտբրանի» ռազմական ոստիկանության նախկին պետ Վալենտին Չորիչը եւ պաշտպանության նախկին նախարար Բրունո Ստոիչը:
2013 թվականին նրանք բոլորը մեղավոր են ճանաչվել Բալկաններում 1991-1995 թվականների զինված հակամարտության շրջանում կատարված ռազմական հանցագործություններում, մարդկության դեմ հանցագործություններում եւ Ժնեւի 1949 թվականի կոնվենցիայի լուրջ խախտումներում եւ դատապարտվել են 10-ից մինչեւ 25 տարի ժամկետով բանտարկության:
Դատավճիռը բողոքարկել են դատապարտվածներն իրենք, եւ դատախազությունը, որը չափազանց մեղմ Է համարել կայացված դատավճիռները: Լսումների ընթացքում Ագիուսն ասել Է, որ վճռաբեկ պալատը որոշակի սխալներ Է գտել, որոնք դատական պալատի կողմից թույլ են տրվել բոլոր դատապարտյալների գործերի քննության ընթացքում:
Սակայն Պրլիչի համար, ով ավելի վաղ դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման, ինչպես նաեւ Ստոիչի եւ Պրալյակի համար, ովքեր ստացել էին 20-ական տարի, դրանք չեն բերել պատժաժամկետների փոփոխման եւ «չեն կարող նոր դատավարության պատճառ դառնալ»: Պուշիչի, Պետկովիչի եւ Չորիչի նկատմամբ դատավճիռները վճռաբեկ պալատի նախագահող դատավորը չի հասցրել հրապարակել: