«Պատվերը նորմալ կատարել են». ինչ է լինելու «Իգլայի» հետ
«Պատվերը նորմալ կատարել են»,- այս մասին այսօր իր գործով դատավճռի հրապարակումից հետո հայտարարեց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։
Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակեց «Իգլայի» գործով դատավճիռը՝ առաջադրված մեղադրանքներում մեղավոր ճանաչելով քրեական գործով անցնող անձանց. Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման։ Նա կշարունակի մնալ անազատության մեջ։
Լրագրողների հարցին, թե ով է պատվիրատուն, Բաբայանն արձագանքեց, որ մեր երկրում մի մարդ է պատվեր տալիս։
Նշենք նաև, որ դատարանի վճռով՝ որպես դատական ծախս, Սամվել Բաբայանից, Սանասար Գաբրիելյանից և Արմեն Պողոսյանից հօգուտ ՀՀ ֆինանսների նախարարության համապարտության կարգով կբռնագանձվի 339 հազար դրամ գումար։ Իրեղեն ապացույց ճանաչված և ՀՀ ԱԱԾ քննչական վարչությանն ի պահ հանձնված «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համակարգի արձակման խողովակը և դրանում առկա հրթիռը դատավճռով թողնվեց նախաքննական մարմնի տնօրինությանը։
Նշենք, որ դատավճիռը հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան։