Երկու տարուց 1.6 լիտր շարժիչով «Opel»-ի մաքսատուրքը կհասնի 6000 եվրոյի. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանն երեկ ԱԺ-ում անցկացվող «ԵԱՏՄ-ից դուրս գալու» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ անդրադարձավ ԵԱՏՄ-ի մաքսատուրքերին:

Նրա խոսքով, ԵԱՏՄ-ի մաքսային դրույքաչափերի 76 տոկոսն այլ են, քան Հայաստանի շահերից բխող այն դրույքաչափերը, որոնք սահմանել էր նախորդ գումարման ԱԺ-ն:

«Նվազել են 1700 ապրանքատեսակի մաքսային դրույքաչափեր, 6300 ապրանքատեսակի դրույքաչափերն արդեն ավելացել են, դեռեւս 700-ն ավելանալու են առաջիկա տարիներին: Ընդ որում, այդ 700-ն ամենացավոտն ու ամենակարեւորն են»,- ասաց Դանիել Իոաննիսյանն ու նշեց, որ ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի արտաքին առեւտուրը կազմում է ընդհանուր արտաքին առեւտրի մոտ 25 տոկոսը:

Վերջինս նշեց, որ եթե Հայաստանը շարունակի իր անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ապա 2020 թվականից 7 տարուց ավելի հին ավտոմեքենաները մաքսազերծելիս քաղաքացիներն այդ մեքենայի շարժիչի աշխատանքային ծավալից յուրաքանչյուր խորանարդ/սանտիմետրի համար կվճարեն 1.6-ից 2.2 եվրո: «Սա նշանակում է, որ 1.6 լիտր աշխատանքային ծավալի շարժիչով «Opel» տեսակի ավտոմեքենայի մաքսազերծումը կարժենա 2500 եվրո, իսկ 2 լիտր շարժիչի ծավալով մեքենան՝ 4400 եվրո, ընդ որում՝ առանց ԱԱՀ-ի եւ բնօգտագործման հարկերի»,- օրինակ բերեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ի ղեկավարը:

Իոաննիսյանը նկատեց, որ Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների միջին տարիքը 15-ից 20 տարեկանն է եւ բնակչության 90 տոկոսը հնարավորություն չունի 7 տարուց ավելի նոր մեքենա գնել, իսկ այժմ վերը նշված օրինակի մեքենան ներկրելն ու մաքսազերծելը արժե մոտ 1000 եվրո: «Երկու տարուց, եթե Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, այդօրինակ մեքենաները մաքսազերծելիս բնակիչները կվճարեն 3500-ից 6 հազար եվրո՝ ներառյալ ԱԱՀ-ն եւ բնօգտագործման հարկը»,- ասաց Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ նոր մեքենաների ներկրման մաքսատուրքը ավելացել է ընդամենը 10 տոկոսով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս