«Իսկ ո՞վ ասաց, որ դրամի վրա անպայման որևէ մեկի պատկերը պետք է լինի». Սահակ Պողոսյան
Նախօրեից հատկապես Ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվորեն քննարկվում են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ներկայացված 2018 թվականից շրջանառության մեջ ներդրվելիք երրորդ սերնդի թղթադրամների էսքիզները։ Ներկայացված նմուշներից պարզ է դառնում՝ նոր 1000-դրամանոցը նվիրված է լինելու Պարույր Սևակին, 2000-դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին, 5000-դրամանոցի դիմերեսին Վիլյամ Սարոյանն է, 10․000-դրամանոցինը՝ Կոմիտասը, 20․000-դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկու պատկերով է, 50․000-դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչի, իսկ 100․000-դրամանոցներ այլևս չեն թողարկվի:
Հիշեցնենք նաև, որ թղթադրամների հեղինակներն են դիզայներներ Էդվարդ Կուրղինյանը, Վարդան Վարդանյանը և Սուրեն Սիմոնյանը:
Թղթադրամների դիզայնը, և, առհասարակ, պատկերազարդման մեջ գործածված խորհրդանիշերը մեծ դժգոհություն էին առաջացրել մասնագետների, քաղաքացիների շրջանում։ Որոշ դիզայներներ, բլոգերներ և մշակութային գործիչներ քննադատության էին ենթարկել էսքիզների դիզայնը՝ նշելով, որ մրցույթը գաղտնի է անցկացվել:
«Եթե այդ բոլոր դիզայներները, որոնք հիմա քննադատության են ենթարկում, խնդիր ունեն դիզայնի հետ, դա իրենց խնդիրն է, թող ժամանակին մասնակցեին դիզայնին, և ոչ թե՝ հիմա նստեին ու քննադատեին մի բան, որին իրենք չեն մասնակցել, իսկ ընդհանուր առմամբ, կարող եմ ուղղակի ասել, որ ճաշակին ընկեր չկա»,- 168.am-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ ասել էր ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը:
«Իսկ ո՞վ ասաց, որ դրամի վրա անպայման որևէ մեկի պատկերը պետք է լինի, վաղուց անցել են այդ ժամանակները»,- 168.am-ի հետ զրույցում նկատում է քանդակագործ, նկարիչ Սահակ Պողոսյանը և հավելում՝ դրամի նմուշները, որոնց լուսանկարները տեսել է ինքը, մասնագիտական, դիզայնի առումով, որպես իր, որ նախատեսված է գործողության համար, սարսափելի թույլ են և շատ անճաշակ.
«Մենք գիտենք, որ իր գաղափարական կամ ֆունկցիոնալ առումով դրամն այլ խնդիր ունի, բայց որպես առարկա, այն որոշակի ձևավորում ունի, որը կատարվել է ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներով:
Եթե ժողովրդական լեզվով, ավելի պատկերավոր ասեմ՝ ստացվել է Աբիսողոմ աղայի պատմությունը՝ մենք ծանոթանում ենք յուրաքանչյուր թղթադրամի վրա պատկերված անձի ագարակների, սագերի ու բադերի հետ: Կոնցեպտուալ իմաստով, արդեն ասացի, հիմա արդեն բոլորովին պարտադիր չէ, որ որևէ մեկի դիմանկարը պատկերված լինի դրամի վրա, և հիմնավորելով ասածս, նշեմ՝ լինելով ազգային սրբություն՝ Կոմիտասը չի կարող դրամի վրա պատկերվել, որովհետև դրամն իր ֆունկցոնալ արժեքով՝ ի սկզբանե սրբության դեմ մի գաղափար է:
Իսկ ո՞վ է ասել, որ Պարույր Սևակը կուզենար՝ ինչ-որ մեկի գրպանը մտներ: Բացի այդ, ոչ մի հիմնարար կոնցեպցիա չկա, որով կարելի է տրամաբանորեն բացատրել, թե ինչո՞ւ են հենց այս կամ այն անհատները հայտնվել հայկական դրամի վրա: Հավանաբար ինչ-որ մեկն առաջարկել է, հերթով անուններ են թվարկել, և, ըստ երևույթին, որոշել են հերթով փոխել նախկիններին՝ նորերով, հիմա էլ այս մարդկանց հերթն է՝ դրամի վրա լինելու:
Եթե նկատել եք՝ վերջին տարիներին մեզ մոտ ամեն ինչ այս տարբերակով է կատարվում՝ սկսած քաղաքի կառուցապատումից, մինչև արձանների տեղադրումը, և նմանապես նաև՝ թղթադրամների վրա հայտնվող մարդկանց ընտրությունը կամ առհասարակ դրանց դիզայնը: Սրա ցայտուն օրինակը Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումն էր: Մի կողմ թողնելով այդ արձանի գեղագիտական նկարագիրը, փորձենք տրամաբանորեն բացատրություն գտնել, ինչո՞ւ այդ արձանը հայտնվեց իր այսօրվա տարածքում, երբ Երևանում գոյություն ունի իր անվան հրապարակ, որտեղ տեղադրված է իր գաղափարական հակառակորդի արձանը: Հավանաբար ինչ որ մեկը նայել է, ասել՝ այստեղ լավ, սիրուն տեղ է, հենց այստեղ էլ կտեղադրենք արձանը, և վերջ»:
Թե ինչո՞ւ հանրային քննարկման չի դրվել նոր թղթադրամների դիզայնի հետ կապված փոփոխությունների հարցը, Սահակ Պողոսյանը չի կարող հստակ պատասխանել՝ ոչ պրոֆեսիոնալների խորհուրդ կա, ոչ կարծիք են հարցնում.
«Այս հարցի պատասխանը կուզենայի լսել պետական ապարատի որևէ չինովնիկից, չէ՞ որ կան խորհրդականներ՝ նախագահն ունի խորհրդականներ, վարչապետն ունի խորհրդականներ: Ուրեմն կամ այդ խորհրդականներն իրենց տեղում չեն, կամ արհեստավարժ չեն: Ով ինչ ուզում՝ անում է: Բոլորն ուզում են քաղաքը սիրունացնել և դա անում են իրենց էսթետիկական ճաշակի չափով:
Նույնը նաև մենք տեսնում ենք դրամի դիզայնի հետ կապված հարցում, որը սրա տրամաբանական, անքակտ մի մասն է: Երեկ մի տեղ կարդացի Կենտրոնական բանկի խոսնակի մեկնաբանությունը, ով հայտարարել էր՝ եթե առաջարկներ ունեիք, անեիք, հիմա ինչո՞ւ եք խոսում, բայց ո՞վ է մեզ տեղյակ պահել: Անձամբ ես, որ այդ ոլորտի մասնագետ եմ, նույնիսկ չեմ էլ իմացել, որ դրամ պետք է փոխվի, համացանցից եմ իմացել»:
Անդրադառնալով՝ ի՞նչ տեսլական ունի Սահակ Պողոսյանն ինքը՝ հայկական դրամի ձևավորման վերաբերյալ, պատասխանում է.
«Բոլոր դեպքերում նորից կրկնեմ, որ սա միապետներին բնորոշ էսթետիկ երևույթ է՝ դրամի վրա պատկերել որևէ մեկի պատկերը: Դրամի դիզայնը նեղ մասնագիտական խնդիր է, այսօր շատ լավ առաջարկ էր արել, օրինակ, ճարտարապետ Արտակ Ղուլյանը. առաջարկել էր դրամի վրա պատկերել պատմության դրվագներ՝ սկսած ուրարտական ժամանակներից՝ մինչև մեր օրերը: Ես, օրինակ, կառաջարկեի, որ դրամի վրա լիներ ոչ թե որևէ մեկի դիմապատկերը, այլ նրանց ստեղծած արվեստի նմուշը՝ մշակույթի հայտնի նշաններ:
Օրինակ՝ Մարտիրոս Սարյանի կամ Մինաս Ավետիսյանի դիմապատկերի փոխարեն՝ կարելի էր կիրառել նրանց ստեղծագործությունները: Վերջին հաշվով, հայկական դրամները ներքին շրջանառության համար են: Եթե դրամը միջազգային շուկայում շրջանառության մեջ չի, ապա այն, ինչ ներկայացրել են այսօր, դառնում է ինքնանպատակ: Մենք՝ հայերս, ներկայացված մարդկանց շատ լավ ճանաչում ենք, դրա կարիքը՝ ներքին սպառման տեսակետից, անիմաստ է: Կոպիտ ասած՝ այն տարբերակներով, որով դրանք ներկայացվել են՝ կարող են ծառայել զբոսաշրջիկների համար, ներսի շուկայում սա անիմաստ է»:
Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով շրջանառության մեջ ներդրվելիք երրորդ սերնդի թղթադրամների էսքիզների թեմային՝ նկատում է՝ ներկայացված տարբերակներն արված են այնքան անփույթ, որ նույնիսկ տարբեր նմուշների վրա տարբեր տառատեսակներ են օգտագործված, դրանք տգեղ են և ոչ պրոֆեսիոնալ.
«Համացանցային աղմուկի ֆոնին բացահայտվեցին նաև թղթադրամների էսքիզների այլ տարբերակներ, որոնք ներկայացված և մերժված են եղել և որոնք առնվազն չեն զիջում արդեն հայտնի տարբերակին, եթե չասենք՝ ավելի լավն են: Փողն այն բանն է, որի հետ մենք բոլորս, ուզած-չուզած, ամենօրյա ռեժիմով շփվելու ենք, հետևաբար՝ կարելի էր դրանց դիզայնի հետ կապված հարցերն ավելի հանրային տարբերակով կազմակերպել, քննարկելով բոլոր տարբերակները, որոնք եղել են, որովհետև, ի վերջո, հանրային քննարկումը որոշիչ ձայներից մեկն է: Ես հասկանում եմ, որ հանրությունր չէ, որ պետք է վերջնական ընտրությունը ներկայացնի, բայց բոլորովին անտեսել մարդկանց կարծիքը, ովքեր ամեն օր, ուզած-չուզած, շփում են ունենալու այդ փողի հետ, առնվազն կոռեկտ չէ: Առհասարակ, կարծում եմ, որ մեզանում հանրային քննարկումները բավականին անտեսված երևույթ են»:
Անդրադառնալով նոր թղթադրամների դիմերեսին պատկերված հայտնիների ընտրության թեմային՝ Սամվել Մարտիրոսյանն ասում է.
«Մարդկանց ընտրությունը, որ ներկայացված է թղթադրամների վրա, արդեն երկար ու խորը փիլիսոփայական հարց է: Կարծում եմ՝ դրանց վրա պատկերված մարդկանց ընտրությամբ միտում է եղել աշխարհին ապացուցելու, որ այս կամ այն հայտնի անհատականությունն ազգությամբ հայ է, ինչպես, օրինակ, Վիլյամ Սարոյանի և Այվազովսկու դեպքում է: Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլիներ ընտրությունը կատարել Հայաստանի պատմության հետ սերտ կապեր ունեցող մարդկանց շրջանակներում, սրանով, սակայն, բոլորովին չնսեմացնելով վերոհիշյալ մարդկանց ունեցած ավանդը: Շատ կանանց վրդովվեցրել է այն հանգամանքը, որ թղթադրամների վրա պատկերված որևէ կին չկա:
Կարծում եմ՝ նրանց վրդովմունքն իզուր չէ, որովհետև տպավորություն է, թե սա միայն տղամարդկանց երկիր է: Այս թեման ընդհանրացնելով՝ ուզում եմ ասել նաև, որ մարդկանց ընտրության հարցում չկա հստակ մտածված կոնցեպտ, որտեղ Գրիգոր Լուսավորիչը, Սարոյանն ու Այվազովսկին կարող էին նույն հարթության մեջ ընկալվել, եթե չասենք, որ, օրինակ, Գրիգոր Լուսավորիչը գենետիկորեն հայ չէ, այլ պարթևազգի ներկայացուցիչ է: Ենթադրվում էր, որ այդ ընտրությունը պետք է ինչ-որ ընդհանուր գաղափարից բխած լիներ, այլ ոչ թե՝ հարց դնել, թե հիմա ո՞ւմ հերթն է, ո՞ւմ կարելի է մտցնել այդ ցուցակի մեջ»:
Սամվել Մարտիրոսյանն անընդունելի է համարում նաև նոր թղթադրամների դիզայնով զբաղված անձանց աններկայանալի իրողությունը.
«Կարծում եմ՝ շատ կարևոր է հստակ ներկայացնել, թե ովքե՞ր են նոր թղթադրամների ձևավորման հեղինակները, որը նույնպես հստակ չէ: Կան մի քանի անուններ, որոնցից մեկը, հնարավոր է, կապ ունի հայկական մետաղադրամների ստեղծման հետ, մյուսը՝ ինտերնետային որոնումների արդյունքում, ինչպես հասկացա, կապ ունի Կենտրոնական բանկի հետ՝ կարծեմ ղեկավարի տեղակալ է, մյուսի անունն ինձ ոչինչ չասաց: Ի վերջո, համապատասխան կոնտակտի բացակայությունը հանգեցնում է նրան, որ, օրինակ, ես լավ չեմ հասկանում՝ հիմա սրանք նոր թղթադրամների վերջնական մշակված տարբերակնե՞րն են, թե՞, այնուամենայնիվ, դեռ հույս կա, որ մենք, այնուամենայնիվ, ավելի գրագետ, ճաշակով և պրոֆեսիոնալ արված թղթադրամներ կկիրառենք մեր ամենօրյա կենցաղում: Մեզ մնում է միայն սպասել, և կտեսնենք, թե ինչ կստացվի արդյունքում»:
Նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն 2018 թվականին։
Տեղեկացնենք, որ ներկայացվել է նաև 500 դրամ անվանական արժեքով 2017թ. թողարկման «Նոյյան տապան» հավաքորդական (կոլեկցիոն) թղթադրամի էսքիզը։