Ամերիկացի բժիշկներին թույլ չեն տվել վիրահատել երեխաներին Սիրիայում և Իրաքում
Cardiac Alliance բարեգործական կազմակերպության ամերիկացի բժիշկները Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարվածներից հետո Մերձավոր Արևելքում ստեղծված լարվածության սրման պատճառով ստիպված են եղել չեղարկել Սիրիա և Իրաք կատարվող ուղևորությունները, որտեղ նրանք պլանավորում էին վիրահատել երեխաներին: Այս մասին РИА Новости-ին հայտնել է բժշկական խմբի ղեկավար և ամերիկացի հայտնի մանկական սրտաբան Բիլ Նովիկը։
«Մենք պլանավորում էինք Սիրիա մեկնել հենց այն ժամանակ, երբ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև այս անհեթեթ իրավիճակը բռնկվեց։ Մեր ինքնաթիռն արդեն պատրաստվում էր թռիչքի Ստամբուլից»,- ասել է Նովիկը։
Նրա խոսքով՝ ինքնաթիռի շարժիչները անջատվել են թռիչքից անմիջապես առաջ, որից հետո օդաչուն հայտարարել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով վերադառնում են օդանավակայան։ «Այդտեղ էլ մենք իմացանք, թե ինչ է պատահել»,- բացատրել է բժիշկը։ Սիրիայից հետո ամերիկյան բրիգադը պետք է մեկներ Իրաք մարտի երկրորդ կեսին, սակայն այդ ուղևորությունը նույնպես չեղարկվել է։
«Դժվար է վիրահատել երեխաներին, երբ շուրջբոլորը ռումբեր են ընկնում»,- նշել է Նովիկը՝ հիշելով, որ աշխատել է Բելգրադում 1999 թվականին՝ ՆԱՏՕ-ի ռմբակոծությունների ժամանակ։
Զրուցակիցը չի նշել, թե քանի երեխայի են բժիշկները պլանավորել վիրահատել այս անգամ Սիրիայում և Իրաքում, սակայն Cardiac Alliance-ը սովորաբար մեկ ուղևորության ընթացքում կատարում է տասից ավելի բարդ վիրահատություններ: Հունվարին Նովիկը РИА Новости-ին պատմել էր Սիրիայում 15 վիրահատություն կատարելու ծրագրերի մասին:



