«Հեծանվային արահետները պետք է շատ արագ գծանշվեն, ճանապարհային նշաններ դրվեն». ՃՈ ծառայության պետ
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցները մի քանի օր առաջ Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի հետ դուրս են եկել հեծանիվ վարելու՝ հեծանվորդների խնդիրներն իմանալու համար:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանն ասաց, որ ֆեդերացիայի մասնակիցները նաև իրենց ներկայացրել են այն խնդիրները, որոնք ունեն հեծանիվ վարողները:
«Հեծանվային արահետները պետք է շատ արագ գծանշվեն, ճանապարհային նշաններ դրվեն, որովհետև սրանք Երևան քաղաքի բեռնաթափման խնդիրները կարող են լուծել: Այժմ մենք ուսումնասիրություն ենք իրականացնում: Մենք խնդիրը երկու մասի ենք բաժանել. առաջին փուլում կլինի, որ այն ճանապարհները, որտեղ լայն մայթեր կան, հեծանվորդները մայթերը կկիսեն հետիոտնի հետ: Իսկ այն հատվածներում, որտեղ մայթերը նեղ են, ու հնարավոր չէ հեծանվային արահետ գծանշել, առաջին երթևեկելի գոտին հեծանվորդը և տրանսպորտային միջոցի վարորդը կկիսեն իրար հետ»,- նշեց Ե. Կարապետյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: