Բաժիններ՝

«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ»-ը նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային դոլարային և դրամային պարտատոմսերի թողարկում և հրապարակային տեղաբաշխում

2017 թվականի նոյեմբերի 23-ին «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային դոլարային և դրամային պարտատոմսերի թողարկում և հրապարակային տեղաբաշխում: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ Արամ Ղուկասյանը։

«Պարտատոմսերը տեղաբաշխվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում՝ ստանդարտ փակ (եվրոպական) մեկանգամյա աճուրդի անցկացման միջոցով: Ինչպես 2015 և 2016թթ.՝ այս անգամ ևս որպես տեղաբաշխող՝ հանդես է գալիս «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ն, որը վերջին երկու տարիների ընթացքում իրականացրել է կազմակերպության պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում։ Իսկ թողարկվող պարտատոմսերի ցուցակումից հետո վերջինս իրականացնելու է նաև շուկա ստեղծողի (market maker) գործառույթներ»,- ասաց նա։

Կարդացեք նաև

Արամ Ղուկասյանը նշեց, որ այս տարի նախատեսվում է իրականացնել 1 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերի թողարկում, որոնց տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմելու է 7%, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, եկամուտների կիսամյակային վճարման պարբերականությամբ. «1 դոլարային պարտատոմսի անվանական արժեքն այս պահին կազմելու է 100 դոլար, ընդհանուր անվանական քանակը՝ 10 հազար հատ։ Ինչ վերաբերում է դրամային պարտատոմսերին, ապա այս տարի նախատեսում ենք թողարկել 300 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսեր, որոնց տարեկան եկամտաբերությունը կազմելու է 10%, շրջանառության ժամկետը՝ 12 ամիս, 1 պարտատոմսի անվանական արժեքը կկազմի 10 հազար դրամ, իսկ ընդհանուր թողարկվող քանակը՝ 30 հազար հատ»։

Ասուլիսի մյուս բանախոս, «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյանի խոսքով՝ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն արդեն շուրջ 8 տարի գործունեություն է իրականացնում ֆինանսական շուկայում և իր հաճախորդներին մատուցում տարատեսակ ֆինանսական ծառայություններ. «Ներկա պահին կազմակերպությունն ունի 15 հազար հաճախորդ, որոնց հետ ակտիվ աշխատանք է տարվում։ 2015թ. վարկային կազմակերպությունն առաջինն է եղել, որ սկսել է իրականացնել պարտատոմսերի թողարկում և հրապարակային տեղաբաշխում։ Երկար տարիների արդյունքը ցույց է տվել, որ դա շատ արդյունավետ և հետաքրքիր պրոդուկտ է, որը գրավել է և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձանց։ Մենք փորձելու ենք մեր հետագա աշխատանքները նույնպես կապել պարտատոմսերի թողարկման հետ, և մեր միջոցներն ուղղվելու են նորանոր վարկատեսակների ստեղծմանն ու ներդրմանը»։

«ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ գործադիր տնօրեն Վաղինակ Սարոյանն էլ ասաց, որ աճուրդի հայտերի ընդունումը կսկսվի բորսայի բացվելուց հետո՝ նոյեմբերի 23-ին, ժամը 11:00-ին, և կտևի մինչև ժամը 13:30-ը, դրանից հետո կամփոփվեն արդյունքները, կկայանա աճուրդը և ժամը 15:00-ից հետո կիրականացվի վերջնահաշվարկը. «Մենք աջակցել ենք «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին՝ պարտատոմսերի թողարկման կազմակերպման հարցում և իրականացնելու ենք տեղաբաշխման ամբողջ գործընթացը»։

Վաղինակ Սարոյանը նկատեց՝ պարտատոմսերի թողարկումը կայացած է, եթե կա առք ու վաճառքի շարժ երկրորդային շուկայում. «Եթե պարտատոմսը որևէ մեկը գնում է, շարժ չի ապահովում, դա վատ ցուցանիշ է, ցանկալի է, որ երկրորդային շուկան ակտիվանա։ Իմ ամբողջ աշխատանքի ընթացքում դրված է եղել այդ նպատակը։ Մեր աշխատանքն ուղղված է նրան, որ առաջին՝ հասարակ քաղաքացին հասկանա, որ դա այլընտրանքային և ոչ ռիսկային ներդրում է, և երկրորդ` մենք ապահովում ենք, որ ցանկացած անձ յուրաքանչյուր օր կարողանա գործարք կատարել արժեթղթերով»։

Նա ասաց, որ առաջին թողարկման ժամանակ մասնակիցների մեջ ավելի շատ պրոֆեսիոնալների քանակն էր նկատելի, բայց յուրաքանչյուր հաջորդ թողարկման ժամանակ ավելի շատ ավելանում է փոքր ծավալներ գնող ֆիզիկական անձանց քանակը: «Իմ գնահատմամբ՝ միտումը ճիշտ ուղղության վրա է: Մարդիկ զգում են այս նոր՝ ալտերնատիվ գործիքի առավելությունը՝ երբեմն նույնիսկ, ավանդների նկատմամբ»,- ասաց նա:

Վաղինակ Սարոյանը նկատել է, որ գանձապետական պահառուի միջոցով մարդիկ ակտիվանում էին պետական պարտատոմսերի շուկայում, բայց ներկայումս սկսել են հետաքրքրվել նաև  կորպորատիվով, քանի որ, ըստ նրա՝ տեսնում են, որ թողարկած ընկերություններն ամուր կանգնած են ոտքերի վրա, ինչն առաջացնում է վստահություն:

Ազդագրի էլեկտրոնային տարբերակը հրապարակված է «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի և «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայքերում, համապատասխանաբար՝ www.globalcredit.am և www.renesa.am հասցեներով:

Պարտատոմսերի պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան:

Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները կարող են դիմել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ընկերություններին, որոնց ցանկն ու կոնտակտային տվյալները ներկայացված են www.nasdaqomx.am ինտերնետային կայքում:

Պարտատոմսերում ներդրում կատարելու համար անձինք պետք է նախապես դիմեն «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի հաշվի օպերատորներին՝ նրանց միջոցով արժեթղթերի դեպո հաշիվների բացման և սպասարկման համար: ՀԿԴ-ի օպերատորների ցանկը ներկայացված է «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայքում՝ www.cda.am :

Պարտատոմսեր ձեռք բերող անձը, նախքան ներդրում իրականացնելը, պարտավոր է նաև ցանկացած բանկում իր անվամբ բացել դոլարային և դրամային բանկային հաշիվ (նման հաշիվներ չունենալու դեպքում):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս