ԵՊՀ-ում պրոֆեսորադասախոսական կազմն էլ լուրջ խնդիրներ ունի խնդրահարույց թեմայի վերաբերյալ կարծիք արտահայտելու. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Չի կարելի ասել, իհարկե, որ դասադուլ հայտարարած եւ մայրաքաղաքում երթեր անցկացնող ուսանողների թիվը փոքր է, բայց չենք էլ կարող ասել, որ ուսանողության մեծ մասը ընդդիմանում է տարկետման իրավունքի սահմանափակումներին: Սա այն դեպքն է, որ նույնիսկ չենք կարող վստահ ասել՝ ակցիաներին չմիացող ուսանողներն ինչ են մտածում այս մասին, կո՞ղմ են, թե՞ դեմ:

Ավելի հավանական է, որ մեծամասնությունը հոգու խորքում դեմ է, բայց չի կարող դա արտահայտել, որովհետեւ սերտորեն կապված է ՀՀԿ-ի հետ: Այնպես, ինչպես խորհրդարանում ՀՀԿ-ական պատգամավորների մեծամասնությունը հոգու խորքում դեմ է ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքին, բայց չի կարող դա բարձրաձայն հայտնել:

Ի դեպ, բարձրաձայն հայտնելու մասին: Պարզվում է, ԵՊՀ-ում պրոֆեսորադասախոսական կազմն էլ լուրջ խնդիրներ ունի խնդրահարույց թեմայի վերաբերյալ կարծիք արտահայտելու, կամ առհասարակ կարծիք արտահայտելու հետ կապված: ԵՊՀ դասախոս Յուլյա Անտոնյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրեց. «Այսօր ԵՊՀ-ի պրոռեկտորը հրաման արձակեց, որով արգելում է ԵՊՀ-ի դասախոսներին հրապարակավ արտահայտվել բանակին եւ տարկետմանը վերաբերող հարցերի շուրջ»:

ԵՊՀ-ում հարյուրավոր դասախոսներ կան, որոնցից երեկվա դրությամբ մեկ ձեռքի մատների վրա հաշված անձինք են արտահայտվել հարցի կապակցությամբ. սույն գրառման հեղինակը, ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Սաղաթելյանը, որ ակցիայի ժամանակ միացել էր ուսանողներին եւ կարծիք ասել, թե թող ոստիկաններին բանակ տանեն, ԵՊՀ դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ Անահիտ Չուբարյանը, որը ՀԺ-ի հետ զրույցում պատմել էր, որ ղարաբաղյան պատերազմի տարիներին Պոլիտեխնիկ ինստիտուտում սովորող ուսանողները գնացել էին Լեոնիդ Ազգալդյանի ջոկատում ծառայելու, բայց Ազգալդյանը նրանց բոլորին հետ էր ուղարկել, եւ Երեւանի պետական համալսարանի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Դումանյանը: Գուցե մեկ- երկու հոգի էլ կգտնվեն, բայց մեծամասնությունը, ինչպես ճիշտ նկատել է Վիգեն Սարգսյանը, ոչ մի դեմ կարծիք չեն արտահայտում:

Սա ժողովրդավարության կանոններով կարծիքների փոխանակում չէ, որտեղ մեծամասնությունը աջակցում է տարկետման իրավունքի սահմանափակման առաջարկությանը, այլ խիստ ոչ ժողովրդավարական, հետադիմական կանոններով, դասախոսներին արձակված ամոթալի հրահանգի արդյունք: Դասախոսներին հրահանգվել է կարծիք չարտահայտել, եւ մեծամասնությունը ենթարկվում է այդ հրահանգին:

Ավելի մեծ թվով ուսանողների չմիանալն էլ բողոքի ակցիաներին ոչ թե բանակ գնալու անհագուրդ ցանկությունից է, այլ ինչպես նշված է վերը մեջբերված գրառման մեջ, ձերբակալվելու, հետապնդվելու, բուհից հեռացվելու վախից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս