Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը խոսել է Վերին Լարսին այլընտրանք գտնելու անհրաժեշտության մասին

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ Հայաստանի առևտրային հարաբերություններում վրացական կողմը բարեկիրթ ձևով կատարում է հարևանի և մյուս պարտավորությունները: Այս մասին ռուսական BFM-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ներկայում Հայաստանը հնարավորություն չունի ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրային հարաբերություններ հաստատել Վրաստանից բացի այլ ճանապարհով: Ի սկզբանե այն մարդիկ, ովքեր զբաղվում էին Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության կազմավորման և ձևավորման հարցերով, թերևս կարծում էին, որ դա մեծ խոչընդոտ է: Սակայն այն բանից հետո, երբ հանգիստ վերլուծեցին իրավիճակը, հասկացան, որ դա այդպես չէ»,- նշել է ՀՀ Նախագահը:

Նա ընդգծել է, որ այստեղ խոսք կարող է գնալ միայն տեխնիկական խոչընդոտի մասին, որը, սակայն, կարելի է հաղթահարել: «Այստեղ միակ խոչընդոտն, իհարկե, ոչ այդքան լավ որակ ունեցող ճանապարհն է: Նկատի ունեմ լեռնային ճանապարհը՝ հեղեղումներ, ձյան տեղումներ և այլն: Ներկայում մտածում ենք երկրորդ ճանապարհը կառուցելու մասին»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը խոսել է նաև Վերին Լարսում սահմանային անցակետերի աշխատանքը բարելավելու անհրաժեշտության մասին: «Մենք պարբերաբար բարձրացնում ենք այդ հարցերը: Մի կողմից անհրաժեշտ է լավացնել անցագրային կետերի աշխատանքը, իսկ մյուս կողմից գտնել ապրանքները ռուսական շուկա տեղափոխելու այլընտրանքային տարբերակներ: Միշտ չէ, որ ամեն բան ստացվում է, և ցանկացած աշխատանքի կատարելագործման համար ժամանակ է անհրաժեշտ»,- նշել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս