«Հայաստանին մեկուսացնում է անդամակցությունը ԵՏՄ-ին, ոչ թե Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը»․ Հովհաննես Իգիթյան
«Ալիք» լրատվամիջոցի ղեկավար Արսեն Խառատյանն այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված ճեպազրույց-քննարկման ժամանակ ասաց, որ Ադրբեջանը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ջավախքյան հատվածի հիմնական պատվիրատուն էր. «Այս պահին Ադրբեջանի ազդեցության չափերը Վրաստանում շատ մեծ են, և դրանք պայմանավորված են ինչպես՝ տնտեսական լծակներով, այնպես էլ՝ քաղաքական ներկայությամբ»։
Նա նշեց, որ երկու շաբաթ առաջ Թբիլիսիում Թուրքիայի դեսպանից հետաքրքրվել են, թե արդյո՞ք այդ երկաթուղին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից դիտարկվում է՝ որպես Հայաստանի մեկուսացման քաղաքականության շարունակության մաս. «Նա ասաց, որ նման բան չկա, որ, եթե կարգավորված լինեին հայ-թուրքական հարաբերությունները, այդպիսի խնդիր չէր լինի, որ այսօր գործող երկաթգիծը կշահագործվեր, և այլն։ Դրան հաջորդող հարցն այն էր, թե Հայաստանն ինչպե՞ս է կարողանալու օգտվել այդ երկաթգծից։ Մենք էլ Վրաստանի հետ ազատ առևտրի պայմանագիր ունենք, և հետաքրքիր է, թե հայկական ապրանքներն այդ երկաթգծով ինչպե՞ս են տեղափոխվելու։ Թուրքիայի դեսպանը հստակ պատասխան չտվեց»։
Քննարկման մասնակից՝ միջազգային փորձագետ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը խնդրին այլ տեսանկյունից էր նայում։ Ըստ նրա՝ 19-րդ դարի սկիզբը չէ, որ երկաթգիծը դեմոգրաֆիայի կամ ենթակառուցվածքների վրա ազդեցություն ունենա։ «Հիմա հակառակն է՝ երկաթգիծն անցնում է այն վայրերով, որտեղ ինչ-որ բնակչություն կա։ Վրաստանը շահե՞ց, թե՞ ոչ, այդ հարցի պատասխանը չկա։ Այնպես չէ, որ Վրաստանը հաղորդակցության ուղիների խնդիր ուներ, և հիմա այս երկաթգիծը նրան կփրկի։ Վերաբալանսավորման պրոցեսը նման բաներից հետո տևում է 4-5 տարի, որից հետո պարզ կլինի՝ արդյո՞ք Վրաստանի նավահանգիստները շահում են սրանից, թե՞ ոչ, և այլն։ Վրաստանն ամենաքիչ քաղաքականացված մասն է այդ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի. Ադրբեջանն ու Թուրքիան ավելի շատ էին նշանակություն տալիս դրան»։
Անդրադառնալով այն կարծքիներին, որ այս երկաթգծի շահագործումը Հայաստանի մեկուսացման պլանի մի մասն է, նա հետևյալն ասաց. «Հայաստանը նույնիսկ չի ազդելու այդ երկաթգծի բեռնափոխադրման վրա, եթե անգամ մեզ համար այդ հնարավորությունները ստեղծվեն։ Հայաստանում լոգիստիկայի սահմանափակում գոյություն չունի, մեր խնդիրներն այլ են։ Մեկուսացումն այն է, որ մենք ունենայինք հնարավորություն, դա սահմանափակվեր այդ պրոյեկտով։ Իսկ այդ կտրվածքով՝ մեզ մեկուսացնում է ԵՏՄ-ին անդամակցությունը»։
Իգիթյանը հիշեց, որ ժամանակին Հայաստանը շատ էր քննարկում երկաթգծի միջազգայնացման հարցը. «Մեր կառավարությունն այն ժամանակ այնպես էր ներկայացնում, որ Հայաստանի երկաթգծի հանձնումը ՌԴ-ին կլուծի երկու խնդիր՝ Գյումրի-Կարս երկաթգծի բացման հարցը և Աբխազիայով անցնող երկաթգծի հարցը: Բայց հարցն այն է, որ Հայաստանն ուղղակի իր երկաթգծի զարգացման հարցն ընդհանրապես չէր դիտարկում: Եթե ընդհանրապես նայենք, թե այս պահին երկաթգիծը Հայաստանի ներքին բեռնափոխադրման որ մասն է կազմում, կտեսնենք, որ բնակչությունն ընդհանրապես չի զգում այդ առաջընթացը: Եթե մեր ներքին երկաթգիծը չի զարգանում, մենք չպետք է հույսով կամ խանդավառությամբ նայենք այն երկաթգծերին, որոնք մեր շուրջն են զարգանում»։
Հետևաբար, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, ըստ Հովհաննես Իգիթյանի՝ որևէ ձևով ո՛չ օգնելու է, ո՛չ էլ խանգարելու է մեզ. «Մեր ապրանքը ո՛չ Կարս պետք է գնա, ո՛չ Բաքու, որ հասնի Ռուսաստան։ Սա դեր կարող էր ունենալ այն ժամանակ, եթե Հայաստանը մաքսային նույն տարածքում լիներ ԵՄ-ի հետ: Իրան-Հայաստան և Վրաստան երկաթգծի պրոյեկտի ավարտը գոնե այն ժամանակ նախատեսվում էր 2020 թ, իսկ հիմա տրանսպորտի նախարարն ասում է, որ այդ հարցը նույնիսկ չի էլ քննարկվում։ Սա նշանակում է, որ Հայաստանը մեծ տեղ չի տալիս երկաթգծի զարգացմանը»։