Ինչո՞ւ հնարավոր դարձավ «Մանուշակ» մանկապարտեզի ողբերգական միջադեպը. նամակները խոսուն են. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 30-ին Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում սառը զենքի սպառնալիքով պատանդներ պահած 36-ամյա Արգամ Հովիկյանի ֆեյսբուքյան էջը որոշակի տեղեկատվություն է պարունակում, որը կարող է ինչ-որ չափով լույս սփռել նրա արարքների դրդապատճառների վրա ու վկայել, որ նորմալ պետության մեջ ներընտանեկան այս խնդիրը չէր կարող դրսեւորվել կրթական հաստատությունում:
Աշխատանքային օրվա ավարտին պատանդառուն մուտք էր գործել մանկապարտեզ՝ պահանջելով այնտեղ որպես դաստիարակ աշխատող նախկին կնոջը: Վերջինիս տատն էլ նույն մանկապարտեզի տնօրենն է: Ամուսիններն, ինչպես ավելի ուշ պարզվեց, ամիսներ առաջ են բաժանվել:
Մանկապարտեզ ներխուժած պատանդառուն սոցիալական ցանցի էջում հոկտեմբերի 27-ին հանրային սեփականություն է դարձրել իր նամակ-հաղորդագրությունները, որոնք կարծես նախկին կնոջ ու նրա մոր հետ են:
Դրանց ծանոթանալով՝ տպավորություն է ստեղծվում, թե ամուսինները թեպետ բաժանված են, բայց ձգտում են միավորվել: Կնոջ ընտանիքը, ավելի ճիշտ՝ տատիկը, դեմ է դրան եւ կինն ամուսնու պատճառով լարված հարաբերություններ ունի նրանց հետ:
Արգամ Հովիկյանն առանձին մասերով հրապարակել է այդ հաղորդագրությունները և յուրաքանչյուր մասի տակ մեկնաբանություն թողել:
«Արգ, էսօր կգաս ստեղով կանցնես, ասում են՝ ոնց ա չի եկել էսօր Արգամը: Տեսնեն, որ միշտ էլ գալիս ես: Լավ, սերս»: «Ու ասա, որ կյանքում չես հրաժարվելու ինձանից, իմ կնիկն առանց հասկանալ սխալ արեց, ոչինչ, ոչ ես, ոչ ինքը աններելի սխալ չենք արել, ժամանակի հարց է ուղղակի, ազիզ, դու լսի կնոջդ ու համբերի, համբերությունը կյանք է, կյանքս»: «Արգ, կյանքս մի ներվայնացի, ես քեզանից հեռու եմ եղել, բայց հագել եմ էն, ինչ դու էիր թողնում, տնից դուրս չեմ եկել, որովհետև գիտեի՝ քեզ դուր չէր գա, ես իրա հետ էլ դուրս չեմ եկել, իրա մոր հետ էի, հասել էինք շենքի հայաթ, մոր հետեւից եկավ, ես էլ քեզ չխաբեցի»,- կնոջ նամակները մասնավորապես հրապարակել է պատանդառուն եւ ավելացրել հետևյալ գրառումը «Էսի նրա համար, որ արդեն հավասարվում եմ ձեզ, ցավոք»
Մեկ այլ նամակագրություն, որ կարծես զոքանչի հետ է. «Կամ էլ գիտի, որ չեմ հավասարվի իրեն, դրա համար ա իրան էդքան լկտի պահում: …Գիտեմ, Ա… ջան, բայց ասա արխային, մաքուր քրտինքով գողացի, Արգամը էդ մարդը չի, քեզ բագաժ չի անի»: «Սաղ էլ չափի մեջ ուտում են… Բագրատ հոպարիս հիշում ես չէ, իրա կինն էլ ա պարտեզում տնօրեն, իրանք էլ ըստ պահանջի ապրում են, էտի էտենց ա, Արգամ ջան… Փողերդ հավաքի, որ մի տարի հետո Լ…ս դիպլոմ վերցնի, մաղարիչ անես, որ տնօրեն աշխատի»: Նամակների այս բաժինը մեկնաբանելով էլ պատնադառուն գրել է. «Էս էլ սիրելի զոքանչիս պատկերը, դե հիմա գտեք»:
Հաջորդիվ հրապարակված հաղորդագրություններում ներկայացվում է կարծես իր ու նախկին կնոջ զրույցը: «Դե վաղը ժողով կանեն, ձեւ չի ցեղապետը կգա, կփիլիսոփայի, դրա հետ խոսելուց թեկուզ պիվա խմե՞լ ես»: «Ես չեմ խմում, Լ.. գիտե՞ս խի՞, որ հանկարծ համբերությունից դուրս չգամ ու անեմ ընենց բաներ, որ չեմ ուզում»:
Այս և նույն խմբի մյուս հաղորդագրությունները Հովիկյանն ամփոփել է հետեւյալ գրառմամբ. «Այ սրանց լսեց, որ էս օրը գցեց իրան»:
Իհարկե, կարելի է ասել, որ անձնական նամակագրությանն անդրադառնալն ամեն դեպքում անընդունելի է, ինչքան էլ որ այն հրապարակել է պատանդառուն: Բայց դա որոշակիորեն ցույց է տալիս, թե ինչու ընտանեկան այս խնդրի պատճառով մեծապես տուժեցին նաեւ մանկապարտեզի սաներն ու անձնակազմը, որոնք գուցե հետագա ամբողջ կյանքում չկարողանան հաղթահարել այդ օրն ապրած հոգեբանական սթրեսը:
Մենք տեսնում ենք, որ մանկապարտեզում կարող է իշխանություն ունենալ եւ սերունդ կրթել մի ընտանիք, որի անդամներն ընդունակ են միմյանց նկատմամբ հաղորդագրություններում ներկայացված կերպով անհարգալից լինել, ընտանիք, որտեղ կարծում են, որ բոլորն «ուտում են» ու դա բնական է, որ պետք է դիպլոմ վերցնել ու մաղարիչով տնօրեն դառնալ:
Այս ողբերգական պատմության մեջ ևս մեկ հանգամանք վկայում է այն մասին, որ եթե ամեն մարդ իր դիրքում լիներ, թերևս, հնարավոր լիներ խուսափել իրադարձությունների այսպիսի զարգացումից: Պատանդառուի նախկին աները 1in.am-ի հետ զրույցում ասել է, որ նախկին փեսան ավելի վաղ տարբեր սպառնալիքներ է հնչեցրել, իսկ իրավապահները պատշաճ ուշադրություն չեն դարձրել դրանց»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։