Բաժիններ՝

Գյումրիում բացվեց «Լեհերի միություն Հայաստանում Պոլոնիա Գյումրի» կենտրոնը

Այսօր Գյումրիում բացվեց «Լեհերի միություն Հայաստանում Պոլոնիա Գյումրի» կենտրոնը, որտեղ 13 տարեկանից բարձր անձինք հնարավորություն կունենան շաբաթ և կիրակի օրերին անվճար լեհերեն սովորել:

Դասընթացները կազմակերպվելու են այդ օրերին, քանի որ սովորողների մեծամասնությունն ուսանողներ են: Ավելի շատ ուշադրություն է դարձվելու լեհերենի ուսուցման խոսակցական բաղադրիչի վրա:

«Դասընթացների անցկացման երեք խումբ ունենք՝ սկսնակների, միջին և ավելի հմտորեն լեհերենին տիրապետող: 1-2 ամիս փորձարկում ենք կատարում, ովքեր որոշ չափով կհասցնեն լեզուն սովորել, կշարունակեն ուսուցումը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Լեհական համայնքի ղեկավար Լիանա Հարությունյանը:

Վերջինիս խոսքով՝ լեհական համայնքը Գյումրիում գործում է 2008 թվականից սկսած: «Վերջապես մենք ունեցանք մեր նստավայրը, որտեղ կարող ենք և՛ դասեր անցկացնել և՛ ֆիլմեր դիտել, ուսումնասիրել Լեհաստանի մշակույթն ու ավանդույթները: Մեր համայնքը 48-50 անդամ ունի, որից 30-ը լեզուն ուսումնասիրող աշակերտներ են: Մեծամասնությունը գյումրեցիներ են, որոնք չունեն արմատներ: Իրենք ուզում են իրենց նախնիների երկիրն ուսումնասիրել: Ունենում ենք ծրագրեր ինչպես՝ Հայաստանում, այնպես էլ՝ Լեհաստանում: Տոնում ենք բոլոր լեհական տոները: Լեհաստանի անկախության օրը նոյեմբերի 11-ին է, 99-րդ տարելիցն է նշվելու, բայց մենք նոյեմբերի 25-ին պետք է նշենք՝ Երևանում, մեծ շուքով, Լեհաստանի դեսպանատան կազմակերպմամբ: Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում Լեհաստանի դեսպանատանը, որը ֆինանսավորում է մեզ»,- նշեց Լիանա Հարությունյանը:

Նշենք, որ միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության գործերի ժամանակավոր պաշտոնակատար Մարեկ Ռեշուտան, Պաշտպանության, զինվորական և օդային կցորդ, գնդապետ Դարիուշ Մարինովսկին և այլ պաշտոնյաներ:

Միջոցառումն ուղեկցվեց «Հայերն ի ծառայություն Ռեչ Պոսպոլիտային» ցուցահանդեսով և հյուրասիրությամբ:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս