Բաժիններ՝

Ռուսական մաքսատունը գտել է երրորդ երկրների միջոցով թուրքական լոլիկի վերաարտահանումը կանխելու եղանակը

Ռուսական մաքսատունը, Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերների հետ համատեղ, թուրքական լոլիկն այս երկրների տարածքով Ռուսաստան վերաարտահանումը կանխելու արդյունավետ եղանակ է գտել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի Մաքսային դաշնային ծառայության առաջին փոխղեկավար Ռուսլան Դավիդովը:

«Ապրանքի ծագման երկրի որոշումը բավականին բարդ ընթացակարգ է, հատկապես երբ ապրանքը գալիս է աշխարհագրական առումով մոտիկ տարածաշրջաններից: Ավելի դյուրին է եվրոպական ծագման խնձորները տարբերել լատինամերիկյանից, քան, ասենք, թուրքական եւ ադրբեջանական լոլիկը: Այդ խնդիրը հրատապ էր մեկ տարի առաջ եւ այս տարվա սկզբին»,-ասել է Դավիդովը: Սակայն այժմ, նրա խոսքով, այն հաջողվել է լուծել:

«Արվել է հետեւյալը. մենք, ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի գործընկերների հետ ստեղծեցինք միջգերատեսչական աշխատանքային խմբեր: Նրանց խնդիրն այն է, որ ներկայացնեն ապրանքների շարժի թափանցիկ շղթան»,-պատմել է Դավիդովը: Ռոսպոտրեբնադզորի, Ռոսսելխոզնադզորի եւ մաքսատան ներկայացուցիչները, որոնք մտնում են այդ աշխատանքային խմբերի մեջ, ժամանում են Ադրբեջանի եւ Հայաստանի այն ձեռնարկություններ, որոնք զբաղվում են Ռուսաստան լոլիկի արտահանմամբ:

«Մենք ուսումնասիրում ենք՝ ինչ արտադրական հզորություններ, գյուղատնտեսական հողատարածքներ կան այնտեղ, որոշում ենք արտադրողականությունը, արդյունքում ստանում ենք այն պատկերը, թե ինչ ծավալներ կարող են մատակարարվել: Ուղեկցող փաստաթղթերից այնուհետեւ կարելի է տեսնել՝ որ տնտեսությունից է գալիս կոնկրետ բեռը: Եվ մենք գիտենք, որ այն իրապես այնտեղ արտադրված ապրանք է»,-ասել է Դավիդովը: Այսպիսով, երկիրը փաստորեն չի կարող ավելի շատ ապրանք մատակարարել Ռուսաստանին, քան արտադրում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս