«Դա բարի ցանկություններով հարթում է ճանապարհ դեպի դժոխք». Վիգեն Սարգսյանը՝ «Ելքի» առաջարկության մասին
«Մենք առաջարկել էինք, որ Պաշտպանության մասին օրենքում հոդված լինի տեղական արտադրողներից գնումների մասին»,- այսօր Ազգային ժողովում Պաշտպանության մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նա ասաց, թե իրենք առաջարկում էին, որ ամեն տարվա բյուջեում ռազմական ծախսերում մենք աճ ցույց տանք գնումների մասով. «Դուք նշեցիք, որ հիմա էլ է այդպես է արվում, բայց կարծում եմ՝ օրենքում նշված նորմն իմպուլս կտա տեղական արտադրողներին, որ օրենքով նման դրույթ կա, արտադրեք, որովհետև ՊՆ-ն ամեն տարի 2 տոկոսով ավելի գնում է անելու: Չհասկացա՝ ինչո՞ւ չընդունվեց այդ առաջարկությունը»:
Ի պատասխան՝ հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասաց.
«Դա ավանդական դեպքերից է, որ բարի ցանկություններով հարթում է ճանապարհ դեպի դժոխք, որովհետև ոչ մի ավելի վատ բան, քան պաշտպանված ներքին արտադրողն է՝ առանց մրցակցության, չի կարող լինել: Այսօր Զինված ուժերի ձեռքբերումների գերակշիռ մեծամասնությունը՝ թիկունքային ապահովման մասով՝ 80 տոկոսի մոտ, սպառազինության մասով՝ աճող տեմպերով, ձեռք է բերվել ներքին արտադրողից, բայց կա նաև օբյեկտիվ իրականություն, եթե որևէ ապրանք արտադրվում է ավելի էժան գներով, ավելի բարձր որակով այլ տեղ, մենք պետք է հասկանանք՝ մեր Զինված ուժերի բյուջեն ինչպես ենք ծախսում»: