ՄԱԿ-ը նշում է ծննդյան 72-րդ ամյակը
Միավորված ազգերի կազմակերպությունը հոկտեմբերի 24-ին նշում է ՄԱԿ-ի օրը՝ 1945 թվականին իր Կանոնադրության ուժի մեջ մտնելու տարեդարձին նվիրված ամսաթիվը։
Կազմակերպությունը պաշտոնապես ստեղծվել է դրա մասնակիցների մեծամասնության, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների՝ ԽՍՀՄ-ի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից այդ փաստաթղթի վավերացման պահից:
ՄԱԿ-ի օրվա առթիվ ամենամյա ուղերձում կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հորդորել է երկրներին՝ կամք դրսեւորել մարդկության առջեւ ծառացած «լուրջ մարտահրավերների» հաղթահարման համար: Դրանց թվում նա հատկապես առանձնացրել է «ավելացող հակամարտություններն ու հարաճուն անհավասարությունը, էքստրեմալ եղանակային երեւույթները եւ մահաբեր անհանդուրժողությունը», ինչպես նաեւ գլոբալ անվտանգության մարտահրավերները, որոնց շարքին նա դասել է միջուկային զենքի գոյության բուն փաստը:
«Մենք ունենք այդ հիմնախնդիրների հաղթահարման գործիքներ ու նյութական բարիքներ: Այն, ինչ մեզ հարկավոր է՝ կամքի ուժն է»,- ասել է ՄԱԿ-ի վարչական ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: