«Խնդիրն իրականում մասնագիտական չէ, քաղաքական է, թե ում ենք ուզում հաշմանդամ ճանաչել». Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում մասնագիտական քննարկում տեղի ունեցավ. քննարկվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» նախագիծը: Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, որ հաշմանդամության այլ սահմանում է առաջարկվում, և պետք է ճշտեն, թե որ հիմքով: Ըստ նրա` լուծումներից մեկն այն է, որ հաշմանդամությունը ճանաչեն մի խումբ  բժիշկներ, որոնք կընտրվեն հատուկ կարգով:

Փոփոխությունը բխում է 2010 թ. ՀՀ կողմից վավերացված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջներից:

Հ.Հակոբյանը նշեց, որ կոնվենցիայով սահմանվում է, որ հաշմանդամություն ունեցող անձինք նրանք են, որոնք երկար ժամանակ տառապում են ֆիզիկական, հոգևոր, մտավոր և նյարդային հիվանդություններով, որոնք տարբեր արգելքների հետ փոխազդեցության արդյունքում կարող են խոչընդոտել մասնակցել հասարակական կյանքին` մյուսներին հավասար իրավունքով: Հակոբյանը կարևորեց, որ ՀՀ օրենքում փոփոխությունը համապատասխանի ՄԱԿ կոնվենցիայի ձևակերպմանը: Նա ընդգծեց ձևակերպման մեջ «երկար ժամանակ» արտահայտությունը` նշելով, որ մեզ մոտ մի տարի տալիս են, հաջորդ տարի չեն տալիս:

Առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով` այսօր հիմք է ընդունվում և հիմնական դոմինանտը հիվանդությունն է, իսկ կենսագործունեության սահմանափակումը հայեցողական է: Նախարարը նշեց, որ ֆունկցիաների միջազգային դասակարգմանն անցում կատարելու դեպքում որոշում կայացնողի հայեցողական շրջանակը շատ նեղացվում է: Սակայն, ընդգծեց Ասատրյանը, պետք է ծառայությունների շրջանակը սահմանել:

Կարդացեք նաև

Նախարարության հաշմանդամների հիմնահարցերով բաժնի պետ Աննա Հակոբյանի խոսքով` հաշմանդամությունը ոչ թե հիվանդություն է, այլ հիվանդության հետևանքով առաջացած իրավիճակ, և մարդը կարող է հնարավորինս լիովին ներգրավվել աշխատանքներում: Ըստ նրա` կոնվենցիայի գաղափարը միայն առողջապահական ոլորտում չպետք է դիտարկել, այս նախագծում սոցիալական ներառման մեխանիզմներ են ներառված: Ա.Հակոբյանի կարծիքով` անհրաժեշտ պայմանների դեպքում` մատչելի տրանսպորտ, աշխատանքային մթնոլորտ և այլն, կարող է հնարավորինս չեզոքացնել մարդու մեկուսացումը: Նա նշեց, որ մշակվել է ծրագիր առաջիկա 5 տարիների համար:

«Բոլորս էդ համակարգից էսօր դժգոհ ենք»,- նկատեց Ա.Ասատրյանը`  հավելելով, որ այն թույլ է տալիս հաշմանդամություն ճանաչել կամ չճանաչել, իսկ նոր համակարգը հստակ տեղ չի թողում հայեցողության համար, և նախագծով միասնական դաշտ է ստեղծվում, որը սկզբունքորեն կփոխի իրավիճակը:

«Ես չեմ ուզում հեծանիվ հայտնագործեմ, ուզում եմ՝ շարժվենք կոնվենցիայով»,- նկատեց Հ.Հակոբյանը:

Հանձնաժողովի անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խնդիրն իրականում մասնագիտական չէ, քաղաքական է, թե ում ենք ուզում հաշմանդամ ճանաչել: Նրա խոսքով` չափորոշիչների հստակեցման հետևանքով մարդիկ հստակ զրկվում են հաշմանդամությունից, օրինակ, եթե անձը հիվանդ է քաղցկեղով, բուժվել է, բայց հաշմանդամությունից զրկում են, իսկ եթե հիվանդ է, բայց գործունեությունը չի սահմանափակվել, պետական միջոցների խնդիրն է առաջ գալիս. «Իսկապես շատ բարդ ընտրություն է, և պետք է հասկանալ, թե ինչ չափորոշիչ պետք է կիրառվի»:

Ա.Ասատրյանը հստակեցրեց, որ ի սկզբանե քաղաքական որոշում չեն ունեցել, մասնագիտական աշխատանքի արդյունքում են հանգել, թե ինչ պետք է անել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս