Լեհաստանը` ի նպաստ Հայաստանի եվրոպականացման
Հարցազրույց Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանի հետ
– Պարոն Ղազարյան, Եվրամիության հետ Հայաստանի նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը շատերը կասկածի տակ են դնում, չնայած ՀՀ նախագահը հայտարարել է, որ փաստաթուղթը հաստատապես ստորագրվելու է, բայց ռուսական կողմից էլ հայտարարություններ են եղել, որ մտավախություն են առաջացնում սեպտեմբերի 3-ի կրկնվելու առումով: Ի՞նչ տրամադրություններ են Լեհաստանում:
– Ինձ համար այդ առումով կարևոր են միայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և մեր պաշտոնյաների տեսակետները: Քանի որ Լեհաստանն Արևելյան գործընկերության նախաձեռնող երկրներից մեկն է, Լեհաստանը մշտապես ակտիվ է եղել Արևելյան գործընկերության շրջանակներում, ինչպես նաև՝ բազմակողմ առումով:
– Ադրբեջանը հայտարարեց, որ հետաձգում է Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
– Ադրբեջանի քաղաքականությունը, անկեղծ ասած, ինձ քիչ է հետաքրքրում:
– ՀՀ պաշտոնյաները հավաստիացնում են, որ Հայաստանը` անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, Արևմուտքի համար գրավիչ է դարձել՝ որպես հարթակ դեպի 180 մլն-անոց շուկա, նաև Իրանի հետ աշխատանքի առումով: Հայ-լեհական հարաբերություններում այսօր ի՞նչ զարգացումներ և խնդիրներ կան:
– Հայ լեհական հարաբերությունները` և՛ քաղաքական, և՛ տնտեսական, մշտապես եղել են բարձր մակարդակի վրա: Մենք ոչ միշտ է, որ մեր կարողություններն ու հնարավորությունները լիարժեք ենք օգտագործում: Այստեղ կազմակերպված գործարար համաժողովի նպատակը հենց դա է, որպեսզի առավել մեծ չափով հայ գործարարներին ներկայացնենք Լեհաստանի հնարավորությունները, տնտեսական ներուժը, իրենց բիզնեսը դեպի Լեհաստան և Եվրամիության այլ երկրներ զարգացնելու առումով: Նաև լեհ գործարարներին ենք ներկայացնում Հայաստանի տնտեսական ներուժն ու հնարավորությունները, որոնք պայմանավորված են վերջին աշխարհաքաղաքական զարգացումներով, մասնավորապես` ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ, Եվրոպական միության հետ սպասվող մեր համաձայնագրի ստորագրմամբ, ԵՄ-ի հետ գոյություն ունեցող տնտեսական ռեժիմների կիրառման հնարավորություններով:
Հայկական ալկոհոլային խմիչքները, հատկապես՝ գինիները, մեծ հեռանկար ունեն լեհական շուկայում: Լեհատանում 40 մլն-անոց զարգացող շուկա է, որն ունի բարձր տնտեսական աճի ցուցանիշներ, որ բիզնեսի ցանկացած ուղղության համար հետաքրքիր կարող է լինել: Մեզ համար հետաքրքիր է հատկապես գյուղատնտեսական մթերքների վերամշակումը և ալկոհոլային խմիչքները:
ԵՄ-ի հետ գործում է GSP+ առևտրային ռեժիմը, որն արդեն իսկ տալիս է լավ հնարավորություններ Հայաստանում արտադրված ապրանքները զրոյական մաքսատուրքով ԵՄ-ում իրացնելու համար: Եվ, կարծում եմ, որ լեհերին պետք է հետաքրքրի ներդրումներ անելու տեսակետից հայկական շուկան, որովհետև Ռուսաստան-Եվրամիություն տնտեսական պատժամիջոցների պարագայում Հայաստանում ապրանքներ արտադրելն ու ռուսական շուկայում դիրքերը չկորցնելը իրենց համար, կարծում եմ, կարող է լինել ռազմավարական ուղղություններից մեկը:
Հայ գործարարները դեռևս զգուշավորություն են ցուցաբերում եվրոպական երկրների հետ շփումներում` մտածելով, որ այնտեղ շուկաներն արդեն կայացած են, դժվար է այդ շուկաներում սեգմենտ զբաղեցնելը, նոր գործընկերություն հաստատելը, բայց ես կարծում եմ, որ առավել շահեկան կարող է լինել հատկապես Արևելյան եվրոպական երկրների, մասնավորապես` Լեհաստանի հետ համագործակցության սկսումը և նաև Լեհաստանի միջոցով եվրոպական այլ երկրների հետ համագործակցության զարգացումը: