Բաժիններ՝

«Մոսկվան ամեն ինչ անում է՝ «չբորբոքելու» Իրաքյան Քրդստանի շուրջ ստեղծված իրադրությունը». Պուտին

Ռուսաստանը պատմականորեն լավ հարաբերություններ ունի քուրդ ժողովրդի հետ, սակայն Մոսկվան Իրաքյան Քրդստանի հարցում անհրաժեշտ է համարում ամեն ինչ անել, որպեսզի «չբորբոքվի» իրադրությունը:

Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Ռուսաստանյան էներգետիկական շաբաթ» համաժողովում՝ մեկնաբանելով Իրաքից այդ տարածաշրջանի անկախության շուրջ անցկացված հանրաքվեն:

ՌԴ նախագահը նշել է, որ քրդական հարցն զգայուն թեմա է, Թուրքիայի, Իրանի եւ Սիրիայի համար: «Մենք պատմականորեն լավ հարաբերություններ ունենք քուրդ ժողովրդի հետ: Մենք ոչ մի բան չենք հրահրում եւ ոչ ոքի որեւէ բանի չենք դրդում, մենք չենք միջամտում այդ գործընթացներին, ուստիեւ Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի վերաբերյալ մեր հայտարարությունները շատ զգուշավոր են, դրանք նպատակամղված են այն բանին, որ չբորբոքեն, չպայթեցնեն իրադրությունը, դրանք միտված են այն բանին, որ կողմերը ամենաբարդ կոնֆլիկտային իրավիճակներում կարողանան շփումների, փոխգործակցության եւ փոխընդունելի լուծման ուղի գտնել»,-ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Հարցին՝ ինչի կարող է հանգեցնել Թուրքիայի կողմից այն նախազգուշացումը, որ նա Իրաքյան Քրդստանում անցկացված հանրաքվեի կապակցությամբ կարող է դադարեցնել այնտեղից նավթի մատակարարումները, Պուտինը նշել է, որ նման արգելքը «կազդի գլոբալ էներգետիկական շուկաների վրա. գները կբարձանան»:

«Բայց կարծում եմ, որ դրանով քչերն են շահագրգռված, ուստի պետք է ուշադիր հետեւել, թե ինչ տեղի կունենա իրական կյանքում»,-հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս