Հակաահաբեկչական ստորաբաժանումները դիմագրավել են «դիվերսանտների» գրոհը ՀԱՊԿ-ի վարժանքներում
ՀԱՊԿ-ի երկրների «Որոնում-2017» միջազգային վարժանքներում հետախուզության կառավարման դաշտային շարժական կետի անվտանգության ապահովման ստորաբաժանումները դիմագրավել են պայմանական դիվերսանտների գրոհը:
Այդ մասին հայտնել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության պետ գնդապետ Վադիմ Աստաֆեւը: Նա նշել է, որ զորավարժությունների անվտանգության ապահովման ստորաբաժանումների վարժանքն անցկացվել է հետախուզության կառավարման դաշնային կետում, որը ծավալվել է Ռոստովի մարզի զորափորձարանում:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից երկրների զինված ուժերի «Որոնում-2017» հնգօրյա հատուկ մարտավարական զորավարժություններին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի զինուժերի ռազմական կառավարման մարմինները, ինչպես նաեւ զորամասային հետախուզության եւ հատուկ նշանակության ստորաբաժանումները:
Վարժանքներում գործի է դրված ավելի քան հազար զինվորական: Դրանք ընթանում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար Ալեքսանդր Դվորնիկովի ղեկավարությամբ եւ կավարտվեն հոկտեմբերի 7-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: