Բաժիններ՝

Կատալոնիան անկախություն կհայտարարի «առաջիկա օրերին»

Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսպանիայից այդ տարածաշրջանի անկախությունը միակողմանի կարգով կհռչակվի առաջիկա օրերի ընթացքում։

Հոկտեմբերի 1-ի հանրաքվեից հետո տված իր առաջին հարցազրույցում նա ասել է, որ Կատալոնիայի կառավարությունը համապատասխան քայլեր կձեռնարկի «այս շաբաթվա վերջին-հաջորդ շաբաթվա սկսզբին»: Հարցին՝ կատալոնական իշխանությունները ինչ են պատրաստվում անել, եթե Մադրիդը մարզի կառավարումը վերցնի իր ուղղակի հսկողության ներքո (ինչը թույլ է տալիս Իսպանիայի Սահմանադրությունը), կամ ձերբակալի իրեն, Պուչդեմոնը պատասխանել է, թե դա «կլիներ սխալ, որը կփոխի ամեն ինչ»:

Նա հավելել է, որ ներկայում Մադրիդի եւ իր վարչակազմի միջեւ շփումներ չկան, եւ իր անհամաձայնությունն է հայտնել Եվրահանձնաժողովի հայտարարությանը, որը Կատալոնիայի իրադարձությունները համարել է Իսպանիայի ներքին գործը: Ավելի վաղ Իսպանիայի Ֆիլիպ Վեցերորդ թագավորը անպատասխանատու եւ վտանգավոր է որակել Կատալոնիայի իշխանությունների գործելակերպը, որտեղ հոկտեմբերի 1-ին անցկացվել է Մադրիդի եւ Եվրամիության կողմից չճանաչված անկախության հանրաքվե:

Թագավորի խոսքով կատալոնական իշխանությունների անպատասխանատու գործելակեպը կարող է սպառնալիքի տակ դնել Իսպանիայի տնտեսական կայունությունը: Ժողովրդի հղած հեռուստաուղերձում թագավորը հայտարարել է, որ Իսպանիայում ստեղծված իրադրությունը չափազանց լուրջ է, եւ հորդորել է պահպանել միասնությունը: Մինչդեռ, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, Բարսելոնայում հոկտեմբերի 3-ին կայացած զանգվածային հանրահավաքները, որոնք ուղեկցել են ի նշան անկախության հանրաքվեի ճնշման դեմ բողոքի հայտարարված համընդհանուր գործադուլը, հավաքել են շուրջ 700 հազար մարդու:

Կատալոնիայում հանրաքվեի անցկացման ժամանակ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ հանրահարցման մասնակիցների միջեւ, ինչի հետեւանքով տուժել են հարյուրավոր մարդիկ: Իրավակարգի պահապաններից ոմանք, որոնց հրամայված էր թույլ չտալ քվեարկության անցկացում, կրակ են բացել ռետինե փամփուշտներով: Կատալոնիայի իշխանությունների տվյալներով՝ ընդհարումների ընթացքում վիրավորվել է 33 ոստիկան:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս