«Հայաստանն ունի տեղական արտադրության միջոցներ, որոնց մրցակից են ոչ միայն գնային տեսանկյունից, այլև շուկայում չունեն իրենց անալոգները»․ Վիգեն Սարգսյան
«Տարին բավականին հաջող էր մեր զինուժի սպառազինության հագեցման տեսակետից և առաջիկա ամիսներին մենք ակտիվ շարունակելու ենք այդ աշխատանքը և՛ Ռուսաստանից ստացած վարկային ծրագրի շրջանակներում և՛ բազմաթիվ այլ ծրագրերի շրջանակներում, որոնք իրականացնում ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն այսօր էլ ունի տեղական արտադրության միջոցներ, որոնք կիրառվում են Զինված ուժերում և դրանք մրցակից են ոչ միայն գնային տեսանկյունից, այլև շուկայում չունեն իրենց անալոգները․«Մեր նպատակներից է՝ ռազմական արդյունաբերությունը տնտեսության կարևորագույն շարժիչ ուժերից մեկը դարձնելը»։
Նա ընդգծեց՝ հնարավորություն ենք ունենալու միջազգային շուկաներում հայտնի դառնալ ոչ միայն՝ որպես սպառազինություն ներկրող երկիր, այլև՝ բարձրագույն տեխնոլոգիաներով ռազմական տեխնիկա արտադրող ու արտահանող երկիր։
Նա առանձնացրեց նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի արդիականացումը:
«Պայմանները, որ կան այնտեղ, լավագույնն են ու դա արդարացված է այն մարդկանց համար, ովքեր դպրոցական տարիքից որոշել են կյանքը կապել զինվորական ծառայության հետ», – ասաց Վիգեն Սարգսյանը։
Սարգսյանի խոսքով՝ Զինված ուժերի առաջնային խնդիրն այս տարվա ընթացքում շարունակել է մնալ ԶՈւ մարտունակության բարձրացումը, ինչն ունի մի քանի բաղադրիչ. «Դրանք են սպառազինության խելամիտ ձեռքբերումներն ու մարտական ծաայության մեջ ներդնելը, կառավարման արդյունավետության հետևողական բարձրացումն ու զորքի մարտունակության հետևողական բարձրացումը»: