«Ավելի հեշտ է ատել, քան սիրել». Ալան Ուայթհորն

Ալան Ուայթհորնը հանրահայտ ցեղասպանագետ է, ճանաչված գրող, գրքերի հեղինակ և Կանադայի Թագավորական Ռազմական ուսումնարանի պատվավոր պրոֆեսոր։

Ալան Ուայթհորնից երկար ժամանակ է պահանջվել, մինչև որ կարողացել է Հայաստան այցելել, սակայն ցեղասպանության վերաբերյալ գրելու որոշումը եկել է անսպասելի և անակնկալ կերպով։ Ալան Ուայթհորնը ցեղասպանության խորագրով բանաստեղծությունների և գրքերի հեղինակ է, և շոշափելի ներդրում է ունեցել ցեղասպանության ճանաչման և տվյալ թեմայով կրթության տարածման գործում ոչ միայն Կանադայում, այլ նաև Կանադայի սահմաններից դուրս։

«Ընտանիքս կիսով չափ հայ է, և կիսով չափ՝ անգլիական արմատներով կանադացի։ Տատս Հայոց ցեղասպանությունից փրկված որբ է եղել։ Իր ընտանիքի բոլոր անդամները սպանվել են։ Նրան գտել են փողոցում թափառելիս։ Նա չի իմացել իր անունն ու տարիքը։ Նա ավելի քան տասը տարի ապրել է փախստականների ճամբարներում և մանկատներում, սկզբում՝ Օսմանյան Կայսրությունում, և այնուհետև՝ Հունաստանում։ Վերջապես Ալեքսանդրիայից մի հայ ընտանիք որդեգրում է նրան և տեղափոխում Եգիպտոս։ Մայրս Ալեքսանդրիայում է ծնվել և հորս հետ ծանոթացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։

Իմ մորեղբայրը, մորաքույրները և ծնողները մեկնել են Սովետական Հայաստան, որտեղ նախկինում երբևէ ոտք չէին դրել։ Նրանք որոշում են կայացրել Հայաստան գնալ, որպեսզի Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկիրը վերաբնակեցնեն։ Իմ տատն ու պապն Արևմտյան Հայաստանում են ծնվել։ 1940-ականներից մինչ 1960-ականներն իմ ընտանիքը բաժանված է եղել «Սառը պատերազմի» պատճառով։ Մենք Կանադայում էինք, մինչդեռ իմ մորական կողմի ընտանիքի անդամները բնակություն են հաստատել Սովետական Հայաստանում»,- պատմում է Ալան Ուայթհորնը և հպարտությամբ նշում, որ հանրահայտ բասկետբոլիստ Արմենակ Ալաջաջյանն իր մորեղբայրն է։ Արմենակ Ալաջաջյանը Սովետական Հայաստանի ամենահայտնի մարզիկներից է, ով նաև ընդգրկվել է Եվրոպական Լիգայի 50 ամենահայտնի  մարզիկների շարքում (2008)։

Վերադարձ դեպի արմատներ

Ալան Ուայթհորնը պարբերաբար փորձել է այցելել Սովետական Հայաստան, այնուհետև՝ անկախ Հայաստան` տեսնելու Օսմանյան Կայսրության կողմից իրագործված ցեղասպանությունից փրկված հայրենիքի կտորը։ Նա պարբերաբար փորձել է այցելել Հայաստան և հանդիպել իր բարեկամներին, սակայն ամեն անգամ ինչ-որ մի բան է պատահել, և նա չի կարողացել Հայաստան գնալ։

«1960-ականներից մինչ 2004թ. ես պարբերաբար փորձել եմ Հայաստան գնալ, սակայն ամեն անգամ ինչ-որ մի բան էր պատահում, որ չէր թողնում ինձ գալ Հայաստան։ Առաջին անգամ ես փորձեցի Հայաստան գնալ 1963թ., և վերջին ձախողված փորձս 2001թ. էր, երբ սեպտեմբերի 11-ի հայտնի դեպքերից հետո ինքնաթիռները դադարեցրեցին թռիչքները։ Վերջապես, 2005թ. իղձս իրագործվեց, և ես եկա Հայաստան։ Դա մի աննկարագրելի փորձ էր ինձ համար։ Ես Հայաստան էի գալիս՝ որպես գիտական կարգավիճակ ունեցող մասնագետ, ինչպես նաև՝ անձ, ով շուրջ հինգ տասնամյակ սփյուռքում է բնակվել։ Գալիս ես Հայաստան բազմաթիվ ակնկալիքներով և կարծրատիպերով, և այնուհետև բացահայտում ես, թե ինչքան հարուստ և բազմակողմանի է Հայաստանի պատմությունը։

Որպես քաղաքագիտության պրոֆեսոր՝ դու շատ բան գիտես, սակայն դու շատ ավելին ես սովորում, երբ առաջին անգամ անձամբ ես այցելում այդ երկիրը։ 2005-ին Հայաստան կատարած իմ այցը, մասնավորապես, շատ հուզիչ և տպավորիչ էր ինձ համար։ Այդ այցից հետո ես բազում բանաստեղծություններ եմ գրել տարբեր վայրեր այցելելուց հետո։ Տարբեր վայրեր այցելելով՝ ես լսում էի մարդկանց պատմությունները, նրանց ընտանիքների պատմությունները, լսում էի Ցեղասպանությունից մազապուրծ եղած մարդկանց սերունդների պատմությունները, որի արդյունքում ծնվեցին իմ բանաստեղծությունները։

«Նախնյաց ձայներ» բանաստեղծությունների ժողովածուն 2005թ. իմ` Հայաստան կատարած այցելության արդյունքում ծնված բանաստեղծությունների ժողովածուն է»:

Այն բանից հետո, ինչ Ալան Ուայթհորնն առաջին անգամ ոտք դրեց Հայաստան, նա հաջորդ տարիներին մինչև 2015 թվականն ամեն տարի հինգ շաբաթով Հայաստան է այցելել։

Արմատների փնտրտուքը. ճանապարհ, որ տարավ դեպի Ցեղասպանության վերաբերյալ գիտական աշխատությունների իրագործում

Ալան Ուայթհորնը նպատակ չի ունեցել Ցեղասպանության մասին գրելու կամ այդ թեմայով աշխատություններ հրապարակելու։ Որպես մարդ՝ ով միշտ հետաքրքրված է եղել ինքնազարգացմամբ և ինքնակրթությամբ, նա իր արմատների փնտրտուքով սկսել է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ առկա նյութերը, և այդ թեմայով գրել սկսել է միանգամայն պատահական։

«Մի քանի տասնամյակ առաջ, երբ ես շատ էի արդեն լսել Հայոց ցեղասպանության մասին, սկսեցի ավելի խորն ուշադրություն դարձնել այդ թեմայով նյութերի ուսումնասիրության վրա։ Այն ժամանակ հայոց ցեղասպանության վերաբերյալ այսքան շատ գրքեր չկային։ Ես ուզում էի ավելի շատ տեղեկատվություն ստանալ հենց ականատեսների վկայություններից, հենց այնպիսի աղբյուրներից, որոնք իրադարձություններին զուգահեռ են հրապարակվել։

Ես գնացի «Toronto Globe»-ի խմբագրություն (որն այժմ կոչվում է «The Globe and Mail») և սկսեցի ուսումնասիրել 1915թ. արխիվները։ Սկսեցի թերթի միկրոֆիլմերի ուսումնասիրությունից և ամբողջ 1915 թվականի անխտիր բոլոր օրերի նյութերն ուսումնասիրեցի։ Ես կարդացի բոլոր այն հրապարակումները, որ կային Ցեղասպանության վերաբերյալ։ Վերլուծեցի, թե ինչ է ժամանակին հրապարակվել, և, թե ինչ մենք գիտենք այժմ, և թե ինչ չգիտենք։ Ես անակնկալի եկա, երբ տեսա, թե ինչ ահռելի քանակությամբ նյութեր են ժամանակին հրապարակվել։ Իհարկե, միշտ չէ, որ առաջին էջերի վրա են եղել հրապարակումները, սակայն շատ մեծ քանակությամբ նյութեր են հրապարակվել։

Մենք ականատես ենք եղել նաև ամերիկացիների կողմից հրապարակված նմանատիպ հոդվածների, որոնք ժամանակին հայտնվել են «The New York Times»-ի և այլ թերթերի էջերում։ Ես գրառումներ կատարեցի և ձեռք բերեցի միկրոֆիլմերի տեսապատճենները, որոնք շատ վատ որակի էին և դժվար տեսանելի, քանի որ այն ժամանակ չկային այն ժամանակակից տեխնոլոգիաները, ինչ ունենք այսօր։ Իմ գրառումներով տեղեկատվական թղթեր պատրաստեցի և պահեցի»,- պատմեց Ալան Ուայթհորնն այն մասին, թե ինչպես է սկսել հետաքրքրվել Ցեղասպանության վերաբերյալ նյութերով։

Նա իր հավաքած փաստաթղթերն ու գրառումները մի կողմ է դնում և այլևս չի անդրադառնում այդ նյութերին այնքան ժամանակ, մինչև Կանադայում Թուրքիայի դեսպանատան հյուպատոսներից մեկը հոդված է ուղարկում «The Globe and Mail» պարբերականին, որտեղ ժխտում է Ցեղասպանության փաստը։

«Դա արդեն չափից դուրս շատ էր և անթույլատրելի։ Ես հանեցի տասը տարի առաջ կատարված իմ գրառումներն ու փաստաթղթերի պատճենները և նամակ պատրաստեցի նույն պարբերականի համար, որով պատասխանում էի Թուրքիայի հյուպատոսի ժխտողական հոդվածին։ Այդ նամակում ես հղումներ տեղադրեցի հենց նույն «Toronto Globe» պարբերականի` 1915թ. հրապարակած հոդվածներից, և իրենք հրապարակեցին իմ նամակը։ Ո՞վ կարող էր մտածել, որ ինչ-որ մեկի կողմից գրված ժխտողական հոդվածին ի պատասխան կազմած իմ նամակը կարող էր իմ կյանքում և աշխատանքում՝ որպես գիտահետազոտող և նաև մարդու իրավունքների պաշտպան, բոլորովին նոր փուլի սկիզբ դառնալ»:

Ալան Ուայթհորնը նպատակ կամ մտադրություն չի ունեցել ներգրավվել Ցեղասպանության հարցում հետազոտական կամ այլ նմանատիպ գիտական աշխատանքներում, սակայն թերթում հրապարակված թուրք հյուպատոսի ժխտողական նամակն անսպասելիորեն նրան կանգնեցրեց հենց այդ ճանապարհի վրա։ Այն բանից հետո, երբ Ալան Ուայթհորնն ուղարկեց իր պատասխան նամակը, և այն տպագրվեց նույն թերթի կողմից, նրան հրավիրում են ելույթ ունենալ Օսմանյան Կայսրությունում ազգային փոքրամասնությունների և նրանց իրավունքների վերաբերյալ կազմակերպված համաժողովում։

Իր գիտական աշխատանքում Ալան Ուայթհորնը պարբերաբար համագործակցել է Լորնե և Ջորջ Շիրինյան եղբայրների հետ, ովքեր Ցեղասպանությունից մազապուրծ եղած այն որբերի երեխաներից են, որոնց միսիոներների շնորհիվ Ցեղասպանության հաջորդ տարիներին հնարավոր է եղել բերել Կանադա (Կանադայում փրկված որբերն այնուհետև բնակություն են հաստատել Օնտարիո նահանգում, և նրանց կոչել են «Ջորջթաունի տղաներ և աղջիկներ»` ի պատիվ այն քաղաքի, որտեղ նրանք բնակություն են հաստատել)։

Երկար տարիների ընթացքում Լորնե Շիրինյանը՝ որպես գրող և հրապարակող, և Ջորջ Շիրինյանը՝ որպես «Զորյան Ինստիտուտի» գործադիր տնօրեն, համագործակցել են Ալան Ուայթհորնի հետ և համատեղ աշխատություններ են հրապարակել Օսմանյան Կայսրությունում հույների, ասորիների և հայերի հետ տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ։ 2001թ.-ին Լորնե Շիրինյանն ու Ալան Ուայթհորնը համատեղ փոքրիկ գրքույկ են հրապարակել, որի նպատակն էր` Կանադայի խորհրդարանի անդամներին և այլոց տեղեկացնել Հայոց ցեղասպանության մասին։

«Այդ գրքույկը վերնագրված էր՝ «Հայոց ցեղասպանությունը. ընդդեմ անտարբերության հոսանքի» (անգլ.` The Armenian Genocide: Resisting the Inertia of Indifference)։ Մենք այդ գրքույկները տարանք Կանադայի խորհրդարան և սկսեցինք բաժանել սենատորներին, պատգամավորներին, Ներկայացուցիչների Պալատի անդամներին և պետական պաշտոնյաներին, ու սկսեցինք ակտիվ լոբբինգ իրականացնել։ Հենց այդ ժամանակ Կանադայի հայ համայնքի մի խումբ հայտնի ներկայացուցիչներ նույնպես հետևողականորեն լոբբինգ էին իրականացնում։ Վերջապես մենք հաջողության հասանք, սկզբում՝ Սենատում, և այնուհետև՝ Ներկայացուցիչների պալատում, իսկ հետո վերջապես՝ Կանադայի գործադիր մարմնի ղեկավարը` վարչապետը, նույնպես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Սենատում և Ներկայացուցիչների պալատում քննարկումների ժամանակ իմ բանաստեղծություններից տողեր են կարդացվել, որոնք, անշուշտ, իրենց լուման են ներդրել ճանաչման գործընթացում»,- ասաց Ալան Ուայթհորնը և հավելեց, որ այդ ամենը բոլորովին հեշտ չի եղել, քանի որ այն զուգորդվել է ոմն արտաքին պետության կառավարության կողմից հետևողական ճնշումներով և հակազդեցությամբ։

Աշխատանք` հանուն ճանաչման և կրթության

Կանադայում Ցեղասպանության վերաբերյալ կրթության տարածման հարցում լուրջ ձեռքբերում էր Տորոնտոյի Կրթահամալիրների խորհրդի կողմից՝ Ցեղասպանությունը և մարդու իրավունքները՝ որպես տեղի հաստատություններում ուսուցման առարկա ընդունելը։ Տորոնտոյի Կրթահամալիրների խորհուրդը Կանադայում նմանատիպ տարածաշրջանային խորհուրդներից ամենամեծն է, ինչի շնորհիվ, որպես անկախ մարմին, իր կողմից ընդունված որոշումները շատ հաճախ մեխանիկորեն ընդունվում են նաև մյուս` ավելի փոքր համայնքների խորհուրդների կողմից, ինչի շնորհիվ առարկան ներառվում է այդ շրջանների կրթահամալիրներում՝ որպես ուսումնական առարկա։ Հայ համայնքի մի խումբ կարկառուն անդամներ Կանադայում լոբբինգ էին իրականացնում, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ներառվի՝ որպես 20-րդ դարի ամենակարևոր ցեղասպանություններից մեկը, և դասավանդվի ուսումնական հաստատություններում։

Կանադայի թուրքական համայնքը, ներառյալ՝ Կանադայում Թուրքիայի դեսպանատունը, հակառակ ուղղությամբ էին լոբբինգ իրականացնում, որպեսզի առարկայի դասավանդումը տեղ չգտնի կանադական դպրոցներում։

«Որպես մարդ, ով գնալով ավելի շատ է գրում Հայոց ցեղասպանության թեմայով, ինչպես նաև՝ գնալով է՛լ ավելի շատ նոր գիտելիքներ է ստանում Ցեղասպանության վերաբերյալ, ես նամակ պատրաստեցի Հայոց ցեղասպանությունը որպես առարկա դասավանդելու կարևորության վերաբերյալ և ուղարկեցի այդ խորհրդին, որպեսզի այն ընդունվի դասավանդվող առարկաների ցանկում։ Խորհուրդը բոլոր ուղարկված նամակները բաց կերպով հասանելի դարձրեց բոլոր նրանց, ովքեր կարող էին հետաքրքրված լինել այդ նամակագրությունների պարունակությամբ։ Հետաքրքրվող կեղմերից մեկն էլ Թուրքիայի կառավարությունն էր։ Բնականաբար, հակազդեցությունն իրեն սպասել չտվեց։ Ես շատ նյութեր էի հրապարակում և ակտիվ կերպով լոբբինգ էի իրականացնում Հայոց ցեղասպանության ճանաչման թեմայով, և դա դեռ քիչ էր, այժմ էլ նամակ էի գրում…

Բացի դրանից, ես նաև Ցեղասպանության և մարդու իրավունքների թեմայով առարկաներ էի դասավանդում Կանադայի Թագավորական Ռազմական ուսումնարանում»։ Պրոֆեսոր Ուայթհորնն ավելացրեց, որ արտերկրյա կառավարություններից մեկին սկսեց իր գործունեությունն է՛լ ավելի հետաքրքրել, և գնալով այդ կառավարությունն է՛լ ավելի մեծ դժգոհություն էր ցուցաբերում Ցեղասպանության վերաբերյալ իր ծավալած գործունեության հանդեպ, այնպես որ, փորձեր եղան՝ լռեցնել նրան։ Այդ կառավարությունից փորձեր են եղել լոբբինգ իրականացնել Կանադայի կառավարության շրջանում, ինչպես նաև եղել են սպառնալիքներ և փորձեր` լռեցնելու պրոֆեսորին, որպեսզի այլևս չդասավանդի Ցայոց ցեղասպանության և մարդու իրավունքների թեմայով։

Կարելի է վախեցնել և սպառնալիքի ազդեցության տակ փորձել մտավորականին ստիպել, որպեսզի նա այլևս գիտական հոդվածներ չհրապարակի, բայց դա Ալան Ուայթհորնի համար չէր, և նման սպառնալիքները չէին կարող կանգնեցնել նրան։

«Այդ` գնալով աճող ուշադրության և արտերկրից կանադացի մտավորականի հանդեպ սպառնալիքների արդյունքում ես նոր գիրք գրեցի, որը վերնագրված էր «Պարզապես բանաստեղծություններ. մտորումներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ»։ Ինձ համար դա իմ կողմից երբևէ գրված ամենակարևոր գիրքն է, որովհետև այդ գրքից պարզ է դառնում, որ սպառնալիքներ են եղել ոչ միայն իմ դեմ, այլ նաև Կանադայի կառավարության դեմ։ Կար անձնական անվտանգության լուրջ վտանգ։ Այդ գիրքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաստեղծությունների ժողովածու է։ Այդ բանաստեղծությունների մեծ մասը գրել եմ 2008-2009թթ.` այդ մտահոգիչ տարիների ընթացքում»։ Այդ բանաստեղծությունների մեծ մասը հասանելի են նաև հայերեն լեզվով։ Արամ Արսենյանը, ով Հայաստանում անգլերենի լավագույն թարգմանիչներից մեկն է, Ալան Ուայթհորնին օգնել է թարգմանության հարցում, որպեսզի իր բանաստեղծությունները հայալեզու տեքստով նույնպես հասանելի լինեն հայ ընթերցողին։

«Մենք միասին նաև աշխատել ենք «Վերադարձ դեպի Հայաստան» գրքի վրա, որը լույս է տեսել 2012թ.։ Այդ գրքում հին հավաքածուներից որոշ բանաստեղծություններ էլ կան ներառված, այդ թվում՝ նաև բանաստեղծություններ «Նախնյաց ձայներ» գրքից։ Այդ գիրքը երկլեզու է` նույն բանաստեղծությունը և՛ անգլերեն լեզվով, և՛ հայերեն թարգմանությամբ հանդիպակաց էջերի վրա են տեղադրված»։

Հայոց  ցեղասպանության վերաբերյալ անգլերեն լեզվով առաջին հանրագիտարանը

Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ՝ 2015թ.-ին, ԱՄՆ-ում գտնվող ամենամեծ հրատարակչություններից մեկը` ABC-CLIO-ն, Ալան Ուայթհորնին է դիմել մի քանի նյութ տրամադրելու խնդրանքով, որոնք պետք է ժամանակակից ցեղասպանությունների վերաբերյալ հրապարակվելիք գրքի մի մասը դառնային։ «Ինձ դիմեցին` հանրագիտարանի համար տասներեք բաժին գրելու խնդրանքով, որոնց շարքում էին նաև յոթ կարևոր ներածություններ, այդ թվում` ծանուցում ցեղասպանության, դրդապատճառների, իրագործողների, զոհերի, ականատեսների, հետևանքների և միջազգային հանրության արձագանքի վերաբերյալ։ Այս ամբողջ գրված նյութերը դարձան ժամանակակից ցեղասպանությունների մասին պատմող հանրագիտարանի` Հայոց ցեղասպանության մասին պատմող գլխի մի մասը»։

Այդ հանրագիտարանն ընդգրկում է տեղեկատվություն յոթ ցեղասպանությունների մասին, որոնց շարքում Հայոց ցեղասպանության մասին գլուխն իր ուրույն տեղն է զբաղեցնում։ Քանի որ կարիք կար Հայոց ցեղասպանության մասին առանձին հանրագիտարան ունենալու, Ալան Ուայթհորնը ձեռնամուխ եղավ նաև նման հանրագիտարան պատրաստելու գործին, և 2015թ. նա տպագրեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ անգլերեն լեզվով առաջին հանրագիտարանը։ Հանրագիտարանը վերնագրված է՝ որպես «Հայոց ցեղասպանություն. կարևոր տեղեկատու ուղեցույց» (անգլ.` The Armenian Genocide: The Essential Reference Guide): ցանկացած հանրագիտարանի հրապարակման համար բազմակողմանի համագործակցություն է անհրաժեշտ, և տվյալ հանրագիտարանի պատրաստման գործում Ալան Ուայթհորնը զգալի աջակցություն է ստացել Ջորջ Շիրինյանի և Վարդան Մաթոսյանի կողմից։

Նման հրապարակումներ պատրաստելն ինքնին հեշտ գործ չէ, քանզի ամեն անգամ, երբ նման նյութ է պատրաստվում հրապարակվելու Հայոց ցեղասպանության թեմայով, Թուրքիայի կառավարության կողմից նման փորձերն արժանանում են հակազդեցության և հետևողական ճնշման։ «Երբ որևէ բան է գրվում Հայոց ցեղասպանության վերաբերյալ նման աշխատություններում, ես միշտ ասում եմ, որ այդ աշխատությունները պետք է «զրահապատ» լինեն, այսինքն՝ այնքան ճշգրիտ պետք է լինեն, որպեսզի կարողանան դիմակայել այլ նպատակներ հետապնդող կողմերի ցանկացած քննադատության։ Նման տեքստեր գրելիս պետք է է՛լ ավելի ուշադիր լինել, և մի քանի անգամ ավելի ուշադրությամբ խմբագրել ասելիքդ։

Պետք է ամեն ինչ այնպես մեկնաբանես, որ տեղ չլինի սխալ մեկնաբանությամբ հիմնական ուղերձը փոխելու։ Այդ գիրքը բաղկացած է 425 էջից, որում տեղ են գտել շուրջ 150 վերնագրված նյութեր, ժամանակացույց, կարևորագույն փաստաթղթեր և խիտ կենսագրություն։ Հանրագիտարանի նպատակն էր` պատասխանել աշխարհով մեկ Հայոց ցեղասպանության հարցով հետաքրքրվող գիտահետազոտողների և ընդհանուր հանրության հարցերին»,- ասաց Ալան Ուայթհորնը։

Հանրագիտարանը հրապարակելուց հետո կարճ ժամանակ անց Ալան Ուայթհորնի մոտ լուրջ առողջական խնդիրներ են առաջանում, և նա այլևս չի կարողանում շարունակել իր դասախոսական և գիտական աշխատանքը, ինչի պատճառով իր հաջորդ գրքի հրապարակումն անժամանակ հետաձգվում է։

«Իմ հիվանդությունն այնքան էր ինձ թուլացրել, որ ցավի պատճառով ես չէի կարողանում նույնիսկ տասնհինգ-քսան վայրկյան նայել համակարգչի էկրանին։ Այժմ, գրեթե երեք տարի անց, ես վերսկսում եմ իմ աշխատանքը և արդեն կարող եմ աշխատել, չնայած՝  այլևս ոչ նախկին արագությամբ։ Իմ նոր գիրքը, որը պետք է տպագրվի հաջորդ տարի, ներառում է նաև ցեղասպանությանը հանգեցնող փուլերի վերաբերյալ վերլուծություն։

Ուրախությամբ կարող եմ նշել, որ ցեղասպանության գիտության առաջատար մասնագետ Գրեգորի Սթենթոնը փոփոխել է ցեղասպանությանը հանգեցնող քայլերի իր տեսությունը, որում նախկինում ութ փուլ էին, իսկ այժմ տասը փուլ են։ Այս նոր ընդլայնված փուլերում նա ներառել է երկու լրացուցիչ փուլ, որոնք համընկնում են այն երկու լրացուցիչ փուլերի հետ, որոնք ես առաջարկել եմ իմ նախկին աշխատություններում»։

Մարդկությունը պատմությունից բավականաչափ դասեր չի քաղում

Ցեղասպանությունը պատահաբար տեղի չի ունենում. ցեղասպանությանը հասնում են մի շարք փուլերի միջով անցնելուց հետո միայն։ Այն, ինչին մենք այսօր ականատես ենք լինում Սիրիայում, արդեն անցել է ցեղասպանությանը հանգեցնող մի շարք փուլերի միջով։ Նույնիսկ այսօր, քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունից մեկ դար անց, Միջին Արևելքում ցեղասպանությունը բնութագրող գործողությունների ենք ականատես լինում։ Արդյո՞ք անցյալի ցեղասպանությունների` բավարար կերպով ճանաչված չլինելու արդյունքում է, որ մարդկությունն այսօր թույլ է տալիս՝ նման հանցանքներ տեղի ունենան։

Արդյո՞ք միջազգային հանրության կողմից անցյալի ցեղասպանությունները չդատապարտելն է, որ մարդկության դեմ հանցանքներ իրագործողներին և ահավոր մտադրություն ունեցող ուժերին սանձազերծում է և չի զսպում նման հանցանքներ կատարելիս։ Կարո՞ղ էր արդյոք միջազգային հանրության կողմից անցյալ ցեղասպանությունների պատշաճ ճանաչումը և կրթության խրախուսումը կանխել նման հանցանքներն այսօր։

«Այո, մենք անցյալում տեղի ունեցածը կարող ենք համեմատել այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում այսօր։ Կարծում եմ, որ ինչքան դու շատ ես ցեղասպանություն ուսումնասիրում և ինչքան շատ ես խորանում գիտական աշխատությունների մեջ, այնքան շատ նմանություններ ես գտնում ոչ միայն՝ դրդապատճառների, այլ նաև՝ փուլերի, ցեղասպանության առանձին տարրերի և ծավալների միջև։ Որոշ նմանություններ նույնիսկ այնքան ցցուն են, որ ակամա զարմանք են առաջացնում։ Առաջինն այն է, որ ազգային, լեզվական և կրոնական բևեռվածություն և անհանդուրժողականություն է առաջանում։

Առաջանում է առանձին և անհավասար բաժանում խմբերի միջև, որին հաջորդում է միմյանց հանդեպ անհանդուրժողականությունը։ Դրան գումարվում է անհավասարության և ճգնաժամերի պատմությունը, կամ էլ պատերազմը։ Պատերազմն առաջին հերթին առաջ է մղում վատ մտադրություններ ունեցող և վատ արարքներ կատարելու ընդունակ ուժերին, և դրանով ավելի քիչ տեղ է հատկացնում ժողովրդավար և ավելի ներառական կեցվածք ունեցող խմբերին։ Խնդիրն այն է, որ պատերազմների և ճգնաժամերի ժամանակ ավելի է շատանում հուսակորույս քայլերի կամ բռնություն իրականացնելու հնարավորությունը։ Դրան գումարում ես անձանց, ովքեր շատ ավելի ամբիցիոզ են, և լինելով իշխանության ղեկին՝ կարծում են, որ ավտորիտար մոտեցումը խնդիրների լուծման ավելի լավ ճանապարհ է։

Դրան էլ ավելացրած խմբերից մեկի կողմից մյուսի հանդեպ անհանդուրժողականությունը, և այդ ամենը զուգորդվում է այդ մյուս խմբին ավելի գորշ գույներով ներկայացնելու միտման հետ, որին սովորաբար աջակցում են դրսի ուժեր` մեկ այլ կառավարություն կամ մեկ այլ ուժ։ Եթե մենք նայենք այսօրվա Սիրիային, և այն համեմատենք Առաջին համաշխարհային պատերազմի տարիների Օսմանյան Կայսրության հետ, մենք կտեսնենք մարդկության դեմ իրագործվող հանցանքներ իրականացնելու նմանատիպ նախապայմաններ, որի արդյունքում ստացվում է այն, ինչի մասին բոլորս գիտենք»։

Իսկ ո՞րն է գերտերությունների դերն այս ամենում։ Ո՞րն է կողքից նայողների և չխառնվողների դերը։ Աշխարհի մեծ մասը բաղկացած է տեղի ունեցող իրադարձություններին կողքից հետևողներից։ Արդյո՞ք նրանք իրենց պասիվ կեցվածքով որևէ կերպ օգնում են կանգնեցնելու ավերածությունները, հակամարտությունները կամ հալածանքները, թե՞ նրանց նախասիրություններն այլ են, և իրենց ուշադրությունն այլ բաների վրա է կենտրոնացած։ Միգուցե նրանք կարծում են, որ այդ տեղի ունեցող հանցանքներն իրենցից շատ մեծ հեռավորության վրա են տեղի ունենում, և դա նրանց չի՞ վերաբերում։

«Որպես քաղաքագիտության դասախոս՝ ես իմ ուսանողներին միշտ փորձել եմ սովորեցնել, որ, ցավոք սրտի, շատ ավելի հեշտ է ատել, քան սիրել. ավելի հեշտ է վախի մեջ ապրել, քան ապահովության զգացումով։ Դա մասամբ այն բանի պատճառով է, որ դրսի միջավայրը սպառնալիքներով ավելի լի է թվում։ Նման դեպքերում գործընթացները մեր տիրապետության տակից դուրս են գալիս, ինչն է՛լ ավելի հեշտ է լինում պատերազմների ժամանակ։

Այսպիսով, հիմնական մարտահրավերը հայերի համար՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, Ռուանդայում՝ 1990-ականներին, և Սիրիայում և Սուդանում՝ այսօր, այն է, թե ինչպե՞ս կարելի է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել տեղի ունեցող վայրագությունների վրա` այնպես, որ կարողանան կասեցնել դրանք։ Այսօր Սիրիայում և Միջին Արևելքում ամենացցուն փաստերից մեկն այն է, որ շատ հիմնախնդիրների արմատները ձգվում են մինչև Առաջին համաշխարհային պատերազմի տարիներ, որովհետև այն ժամանակվա պայմանավորվածություններն ու պայմանագրերը հաշվի չէին առել Միջին Արևելքի ժողովրդագրական, ազգային և լեզվական առանձնահատկությունները։

Այդ խաղաղության պայմանավորվածությունն ավելի շատ հիմնված էր գերտերությունների շահերի վրա` Բրիտանիայի, Ֆրանսիայի և այլ գերտերությունների շահերի վրա։ Կարծում եմ, որ այսօր մենք արդեն այդ ամենի գինն ենք վճարում, որովհետև, երբ սահմաններն էին գծվում, այդ տարածքներում բնակվող ազգերի էթնիկ և լեզվական խմբային առանձնահատկությունները հաշվի չէին առնվում, և խաղաղություն կնքողներին ավելի շատ հետաքրքրում էին Բրիտանիայի, Ֆրանսիայի և այլ գերտերությունների տնտեսական և քաղաքական շահերը»։

«Ցեղասպանության ճանաչումը միշտ էլ կարևոր է, քանի որ մենք սովորում ենք` առաջին հերթին տեղեկանալով, թե ինչ է տեղի ունեցել, և երբեմն մենք պետք է սովորենք և նորից մեկնաբանենք տեղի ունեցածը։ Ես այն տեսակետի կողմնակիցներից եմ, որ կոշտ ռազմական ուժն անհրաժեշտ է արագ կերպով ցեղասպանությունը դադարեցնելու համար, սակայն դա դեռ բավարար չէ։ Անհրաժեշտ է ունենալ նաև կրթության ուժը, ինչը, իհարկե, ավելի ժամանակատար գործընթաց է։

Երկարաժամկետ կտրվածքով, կրթությունն ավելի ամուր հիմք է։ Օսմանյան Կայսրությունում հայերի, հույների, ասորիների և այլոց դեմ իրականացվող ցեղասպանությունը կանգնեցվեց օտար բանակների կողմից։ Գերմանիայի` նացիստների կողմից իրականացվող՝ հրեաների, սլավոնների և այլոց դեմ ցեղասպանությունը կանգնեցվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի դաշնակից զորքերի կողմից։ Կամբոջայի ցեղասպանությունը կանգնեցվեց Վիետնամական բանակի կողմից։ Մենք գիտակցում ենք, որ ռազմական կոշտ ուժը, որպես վերջին հանգրվան, անհրաժեշտ պայման է ցեղապանությունը կանգնեցնելու համար, սակայն երկարաժամկետ տեսանկյունից, եթե ցանկանում ես կանխել ցեղասպանությունները և վերջ դնել դրանց կրկնությանը, ապա այդտեղ լուծումը կրթության միջոցով է»։

Հայաստանն այսօր. կանգնած ենք արմատական փոփոխությունների անհրաժեշտության առաջ

Հայաստանի մասին խոսելիս Ալան Ուայթհորնը լավատեսորեն չի արտահայտվում Հարավային Կովկասի ապագայի վերաբերյալ։ «Հետաքրքիր է, որ, եթե իմ գիրքը շուտ լույս տեսներ, ապա Հարավային Կովկասի ապագայի մասին իմ նախազգուշացումները կարող էին զգուշացում լինել 2016թ. ապրիլյան հակամարտությունից առաջ, սակայն այդ դեպքում այնքան վճռական և ամբողջական չէին լինի, ինչքան այժմ կարող է լինել։ Ես այսօր շատ ավելի վատատեսորեն եմ տրամադրված, քան երկու կամ երեք տարի առաջ. ես դեռ այն ժամանակ էլ էի վատատեսորեն տրամադրված։ Հրապարակվելիք հաջորդ գրքի վերջին գլխում նշված է, որ պետք է արմատական փոփոխություններ տեղի ունենան։ Հայաստանը չի կարող շարունակել ընթանալ այն նույն ճանապարհով, որով ընթացել է մինչ օրս։ Այդ ճանապարհը ոչ մի լավ տեղ չի տանի` հաշվի առնելով ժողովրդագրական և հակամարտության հետ կապված ընթացիկ իրավիճակը»։

Ալան Ուայթհորնի նոր գիրքն անդրադառնալու է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հնարավոր մեխանիզմներին և ճանապարհներին։ «Իհարկե, գրքի մեծ մասը կենտրոնացած է լինելու Հայոց ցեղասպանության թեմայի վրա, որը կպատմի, թե ինչպես պատմությունը հանգեցրեց Հայոց ցեղասպանության իրականացմանը, կլինի նաև վերլուծական մաս, սակայն այս անգամ շատ բաց և ազնիվ կերպով կքննարկվի նաև Հայաստանի ապագայի հարցը։

Հայաստանին հուզող ամենացավոտ հարցերից մեկն այսօր հայերի համար արտագաղթի հիմնախնդիրն է։ Վերջիվերջո, ցանկացած հասարակության համար գոյություն ունի բնակչության թվի կրիտիկական զանգված, և բնակչության թվի անկման որոշակի միտումների դեպքում գոյություն ունի այդ կրիտիկական կետին հասնելու ժամանակացույց։ Լինելով Կանադայից, ես առաջ եմ քաշել այն համեմատությունը, որ Հյուսիսային Ամերիկայի պատմության մեջ նույնպես եղել են բնակչության թվի խնդիրներ, որոնք լուծվել են ներգաղթի ալիքների կազմակերպման միջոցով։ Միգուցե արժե՞, որ Հայաստանն ավելի խորը վերլուծի արտագաղթի ճգնաժամը, որպեսզի հասկանա, թե ինչպես և որտեղից է այն գալիս։ Միգուցե արժե՞, որ Հայաստանն էլ, Կանադայի նման, տարբեր երկրներից ներգաղթյալներ ընդունի»։

Հայաստան կատարած այցելությունների ժամանակ Ալան Ուայթհորնը փորձել է մասնավոր զրույցներում մարդկանց հետ քննարկել ներգաղթի կազմակերպման դրական կողմերը, ինչպես նաև՝ Հայաստանից արտագաղթի բացասական կողմերը, սակայն տեղի հասարակության կողմից ներգաղթի կազմակերպման հարցում որոշակի հակազդեցություն է նկատել։ «Մինչև որ մարդիկ անձամբ չգան Տորոնտո կամ Վանկուվեր և անձամբ չտեսնեն այս բազմամշակույթ քաղաքները, որտեղ տարբեր ազգության ներգաղթյալներ են ապրում, կարծում եմ՝ բարդ կլինի տեղացի բնակչությանը ներկայացնել ներգաղթի ալիքների դրական կողմերը, և, թե ինչ առավելություն այն ունի։ Օրինակ, ես միշտ այսպիսի օրինակ եմ բերում. Հայաստանում հազարից ավելի ուսանող կա Հնդկաստանից։ Նրանցից շատերի մոտ ինչ-ինչ լեզվական հմտությունների պատճառով հեշտ է ստացվում սերտել հայերենը, և որոշ ժամանակ անց նրանք արդեն խոսում են հայերեն։ Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի բնակչությունը քիչ է, իսկ Հնդկաստանինը` շատ, միգուցե այդ ուսանողներից շատերը կարող էին բնակության կարգավիճա՞կ ստանալ և մնալ Հայաստանում։ Բազմաթիվ փայլուն, աշխատասեր հայորդիներ ստիպված են եղել մեկնել երկրից` աշխատելու Ռուսաստանում, Կանադայում և այլուր` ավելի բարեկեցիկ կյանքի ակնկալիքով։ Միգրացիան աշխարհի պատմության մի մասն է։ Սակայն ինձ համար, Հայաստան կատարած այդքան այցելություններից հետո, ամենամտահոգիչն այն էր, որ ես հանդիպում էի թվով շատ երիտասարդների` քսան տարեկան և այլն, ում հայրերը, և երբեմն՝ հայրերն ու մայրերը միասին, երկար տարիներ երկրից դուրս են գտնվել։ Ես իրոք ցավ էի զգում՝ տեսնելով, թե ինչպես են այդ քսան տարեկան երիտասարդները միայնակ ապրում իրենց տատիկների և պապիկների հետ»։

Ալան Ուայթհորնը լավատես չէ նաև Հայաստանում և Հարավային Կովկասում տնտեսական զարգացման հեռանկարի վերաբերյալ. «Հայաստանում տնտեսական պայմանները հեռու են գոնե խոստումնալից լինելուց։ Եթե չլինի քաղաքական էլիտայի կողմից դրսևորվող կամավոր կամք ու ցանկություն, և ավելի քիչ ձգտում` իշխանությունը հանուն սեփական շահի և մասնավոր հարստության օգտագործելու, ապա երկրի ներսում զարգացման հնարավորությունները շատ սահմանափակ կլինեն։ Վերջիվերջո, փակ սահմանները և շարունակվող պատերազմի սպառնալիքները չեն թողնելու, որպեսզի Հայաստանն առաջընթաց և դինամիկ զարգացող ապագա ունենա»։

Քանի որ պատերազմը և այլ հանգամանքներ Հայաստանի տնտեսությունը զերծ են պահում զարգացումից, Ալան Ուայթհորնը կարծում է, որ Արցախի հարցում ստատուս-քվոյի երկարաժամկետ պահպանումը վստահելի հեռանկար չէ։ «Երկու կողմերն է՛լ ավելի են զինվում. նրանց ունեցած ռազմամթերքն է՛լ ավելի վտանգավոր է դառնում։ Ստատուս-քվոն հեռանկար ունեցող տարբերակ չէ։ Որպես քաղաքագետ՝ ես հաստատում եմ դա։ Սակայն, որպես սփյուռքի հայ՝ ես միշտ լավատես եմ։ Եթե մենք կարողացանք գոյատևել Ցեղասպանությունից հետո, մենք կգոյատևենք այլ հանգամանքներում նույնպես։ Հարավային Կովկասի և միջազգային հարաբերությունների վերաբերյալ իմ դասախոսություններն ավելի վատատես միջավայրում եմ ներկայացնում, քան Ցեղասպանության վերաբերյալ դասախոսությունները, քանզի Ցեղասպանության պարագայում վատագույնն արդեն պատահել է, իսկ Հարավային Կովկասի պարագայում, հավանաբար, վատագույնը դեռ առջևում է, եթե, իհարկե, չլինեն արմատական փոփոխություններ»։

Պատրաստեց Կամո Մայիլյանը
Տորոնտո-Երևան

Տեսանյութեր

Լրահոս