Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

Արդեն անցած՝ 2025 թվականին լրացավ 44-օրյա ողբերգական պատերազմի 5-րդ տարելիցը։ Լրացավ՝ առանց որպես պետություն ու հասարակություն՝ պատերազմի թողած աղետի հաղթահարման, անցավ՝ առանց պատերազմից հետո արժանապատիվ կյանքի տեսլականի։

Հնարավոր չէ ամփոփել անցնող տարին, հիշել ձեռքբերումներն ու կորուստները՝ մոռանալով վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի կրած ամենամեծ արհավիրքը։ Դա այն է, ինչին արդեն հինգ տարի շարունակ ձգտում է Հայաստանի իշխանությունը՝ մոռացումը դարձնելով պետական քաղաքականության ու հանրության անասնացման ուղենիշ։ Մինչդեռ հիշողությունը կարևոր է ու անհրաժեշտ ոչ միայն՝ որպես պարզ պարկեշտություն, և ոչ միայն՝ օրվա հացը որոճացողից գոնե չմոռացումով տարբերվելու համար։

Հիշողությունը պետք է հանուն այսօրվա ու վաղվա, հանուն այսօր սկսվող 2026 թվականի ու դրան հաջորդող գալիքի։ Առանց հիշողության ու առանց հիշելու անկարելի է հաղթահարել համազգային, համապետական վերքը, որի վրա իշխանությունն արդեն հինգ տարի շաքարի փաթեթավորմամբ աղ է լցնում։

44-օրյա պատերազմի, Արցախի կորստի/հանձնման ու անցած 2025 թվականի կապն անտեսանելի էր, բայց ուղղակի։ 2025-ին Հայաստանում կատարվածը 2020 թվականի ֆիզիկական աղետի շարունակությունն էր՝ հոգևոր կյանքում։ 5000 մարմնական զոհը բավարար չհամարածները, նախորդիվ կազմաքանդելով ինքնության բոլոր հիմնասյուները՝ անցած տարի գրոհեցին հայկականության գուցե վերջին պատվարի՝ Հայ Առաքելական եկեղեցու վրա, որի զանգերն այլևս հնչում են ոչ միայն աղոթքի, այլ նաև ներքին հրոսակներից պաշտպանության կոչելու ժամերին։

Կարդացեք նաև

2025 թվականը, ահա, Հայաստանը ամփոփում և 2026 թվական է մուտք գործում չհայտարարված հոգևոր պատերազմի պայմաններում, որում պարտությունը նշանակելու է 2020 թվականի ողբերգության եզրափակում։ Հետևաբար՝ 2026 թվականը շատ ավելի կարևոր է այդ պատերազմում հաղթելու/չպարտվելու տեսանկյունից։ Որովհետև հոգևոր պարտությունը ոչ միայն անհնարին, այլ անգամ՝ պատահելու դեպքում, անկարևոր է դարձնելու քաղաքական հաղթանակները։ 2026 թվականն այսպիսով լինելու է առաջին հերթին՝ հոգևորի ու հոգևոր պաշտպանության հրամայականի տարի, որը դրսևորվելով որպես Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանություն, իրականում հայկականության ու Հայաստանի իրական պետության պաշտպանության առաքելություն է։

Ֆիզիկական պատերազմի վերքերը չամոքած ու հոգևոր պատերազմի պայմաններում Հայաստանում այս տարի անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, որոնցում իշխանությունը հանրությանը վաճառելու է կեղծ «խաղաղության» պատրանք՝ մնացած ամեն ինչ որակելով՝ որպես «պատերազմի սպառնալիք»։ Իրական խաղաղությունը, սակայն, կարող է և պետք է հաստատվի ոչ միայն ռազմական, այլ դրանից առաջ՝ ներհանրային հոգևոր խաղաղության միջոցով, որի մասին անհատապես ու հավաքականորեն արժե մտածել գոնե Սուրբ ծննդին։  

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ և Աստված պահապան հայ ժողովրդին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031