«Այժմ իրոք բավականին վճռական փուլ է սկսվել». Գևորգ Կոստանյանը` ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի մասին

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննարկվում են բազմաթիվ գործեր, որտեղ ուղղակի և անուղղակի քննարկվում է Ղարաբաղի ոչ թե միջազգային կարգավիճակի հարցը, այլ պետության ատրիբուտիկային վերաբերող հարցերը, որովհետև պետությունը որպես այդպիսին ունի մի շարք հատկանիշներ, որոնք սահմանված են Մոնտեվիդիոյի կոնվենցիայով:

Մինչ այդ պահը, երբ ՄԻԵԴ-ում սկսեց քննարկվել Ղարաբաղի կարգավիճակի հարցը, Ղարաբաղի պետականությանը վերաբերող հատկանիշների առկության հարցը երբևէ իրավական հարթության մեջ չէր քննարկվել: Այն քննարկվել է բացառապես քաղաքական կամ հասարակական-քաղաքական կոնտեքստներում: Եվ Եվրոպական դատարանում վարույթների ընթացքում առաջին ֆորմատն է, երբ մենք քննարկման առարկա դարձնում ենք Ղարաբաղի կարգավիճակի և դրանից բխող, դրա հետևանքով առաջացող հարցերի լուծումը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը` խոսելով ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի մասին:

Ըստ նրա` այժմ իրոք բավականին վճռական փուլ է սկսվել այն իմաստով, որ նաև ապրիլյան պատերազմի գործերի քննության կոնտեքստում արդեն ստացվել է Ասկերովի հայցը, այսինքն` դիվերսանտների հայցերը, որոնք դատապարտվել էին Արցախի իրավապահ համակարգի և դատարանների կողմից և պատիժ են կրում Ստեփանակերտում, այդ հարցերի շրջանակներում քննարկվում և ներկայացվում են այն փաստարկները, որոնք հիմնավորում են, որ ԼՂՀ-ն ունի պետությանը վերաբերող և պետությանը բնութագրող անխտիր բոլոր հատկանիշները.

«Սա շատ լուրջ հարց է, որն իր հետևանքն ունենում է ոչ միայն իրավական տեսանկյունից, այլև քաղաքական, որովհետև ՄԻԵԴ վճիռը կատարվում է ԵԽ նախարարաների կոմիտեի կողմից, որն արդեն քաղաքական մարմին է»:

Կարդացեք նաև

Նկատելով, որ ինքը ոչ միայն ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչն է, այլև ԵԽ նախարարների կոմիտեում հայկական պատվիրակության ղեկավարը, Գ.Կոստանյանը նշեց, որ առաջին փուլից` իրավական հարցերի քննարկումից հետո անմիջապես տեղափոխվում են քաղաքական քննարկման դաշտ, և այս աշնանն ու հաջորդ գարնանը բավականին ակտիվ փուլ են մտնում հենց այդ մարմիններում աշխատանքի առումով:

Գ.Կոստանյանի խոսքով` խոչընդոտներ, բնականաբար, կան և լինելու են և ակնհայտ է, որ մեր հարևան երկիրը բոլոր հնարավոր ու անհնար միջոցներն է ձեռնարկում ոչ միայն խոչընդոտելու, այլև հակառակ արդյունքներն ապահովելու համար:

Նա հիշեցրեց, որ ընդամենը 4-5 ամիս առաջվա դեպքը, երբ նախարարների կոմիտեում քվեարկության դրվեցին հենց Չեռագովի և Սարգսյանների վճիռների կատարման վերաբերայլ նախարարների կոմիտեի որոշումները, 36 պետություն պաշտպանեց ՀՀ դիրքորոշումը, իսկ Ադրբեջանի կողմից առաջարկված փոփոխություններին կողմ էր միայն Ադրբեջանը, անգամ Թուրքիան ձեռնպահ քվեարկեց.

«Այսինքն` մենք շատ հետաքրքրիր պրոցեսում ենք և անելու ենք առավելագույնը»:

Տեսանյութեր

Լրահոս