Քուփերթինոյում կկայանա iPhone-ի վերջին մոդելների շնորհանդեսը
Միացյալ Նահանգների Apple կորպորացիան սեպտեմբերի 12-ին կանցկացնի շնորհանդես, որի ընթացքում կներկայացնի իր սարքերի վերջին մոդելները: Ընկերությունը մինչեւ բուն միջոցառումն ավանդաբար նորույթների մասին տեղեկատվություն չի հայտնում: Դրա հետ մեկտեղ փորձագետները չեն կասկածում, որ Apple-ը մտադիր էներկայացնել iPhone շարքի միանգամից մի քանի սմարթֆոններ, ինչպես նաեւ Apple Watch «խելացի» ժամացույցի նորացված տարբերակը:
Միջոցառումը, որը կսկսվի ԱՄՆ-ի Արեւմտյան ափի ժամանակով ժամը 10:00-ին (Երեւանի ժամանակով 21:00-ին), առաջին անգամ տեղի կունենա շնորհանդեսների դահլիճում, որն անվանակոչվել է ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի (1955 – 2011) պատվին: Այն գտնվում է Քուփերթինոյում (Կալիֆռնիայի նահանգ) վերջերս բացված Apple Park կամպուսի տարածքում:
Ընթացիկ տարում Apple-ը նշում է առաջին iPhone-ի վաճառահանման պահի 10 տարին, եւ ամերիկացի մասնագետների մեծ մասը, որոնք գրում են բարձր տեխնոլոգիաների աշխարհի մասին, համակարծիք են, որ կորպորացիան անակնկալ է պատրաստում հոբելյանի առթիվ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: