«Հիմա որևէ պաշտոնյայի երեխա իրավունք չունի՞ մեդալ ստանալ». Լևոն Մկրտչյան

«Նրանք ստացել են իրենց մեդալը, եթե երեխան մեդալ ստացել է, պետք է ստանա։ Մեդալ ստանալու համար ներկայացնում է դպրոցը, անցնում է համապատասխան ընթացակարգերը։ Դա 12 տարվա գիտելիքի արդյունքում է ստանում մեդալ։ Խոսքը վերաբերում է երիտասարդին՝ անկախ՝ պաշտոնյայի երեխա է, պաշտոնյայի երեխա չի։ Ինքը ստանում է ոսկե մեդալն իր աշխատանքի հիման վրա։ Ես հետաքրքրվել եմ, իսկապես լավ սովորող երեխա է։ Հիմա եթե եղել է դժբախտ դեպքը, ի՞նչ հիմքով իր ուսման, գիտելիքի հիման վրա մեդալը չպետք է տրվի։ Բոլորովին տարբեր խնդիրներ են»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ խոսելով Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդուն ոսկե մեդալ շնորհելու փաստի մասին։

Ըստ նրա՝ անձը կարող է լինել ազատարկված, բայց բարձր առաջադիմություն ունենա կրթության մեջ. «Դուք գիտեք, որ ազատազրկման մեջ գտնվող մարդիկ ունեն իրավունքներ, այդ թվում՝ կրթության։ Եվ եթե արժանի է պարգևի, պետք է ստանա։ Իրար հետ մի խառնեք։ Քրեական գործ հարուցված է, ընթացքով գնում է, բայց ինքը կարող է, օրինակ, լինել շատ բարձր սպորտսմեն։ Մեդալը հե՞տ վերցնենք»։

Նախարարը նկատեց, որ մեդալը բուհ ընդունելության դեպքում որևէ նշանակություն չունի, արտոնություններ չկան, այն զուտ բարոյական գործոն է։

«Հիմա որևէ պաշտոնյայի երեխա իրավունք չունի՞ մեդալ ստանալ»,- հարցադրում արեց Լ. Մկրտչյանը՝ նշելով, որ իր հայրը բուհում եղել է պաշտոնյա, իսկ ինքը ստացել է Լենինյան կրթաթոշակ։

Նրա կարծիքով՝ եթե պատժեին երիտասարդին և մեդալից զրկեին, ապա շատ ավելի մեծ վնաս կհասցնեին մեր հասարակությանը, քանի որ մարդը կատարում է քրեական բնույթի խնդիր, դու նրան պատժում ես այլ դաշտում՝ կրթության։

Թե ի՞նչ մեսիջ է ստանում հասարակությունն այս իրավիճակից՝ հարցին, Մկրտչյանը պատասխանեց. «Մեդալը դպրոցում իր աշխատանքի արդյունքն է։ Իրեն դրանից զրկելու հիմքը ո՞րն է, եթե մենք իրավական պետություն ենք կառուցում»։

 

Տեսանյութեր

Լրահոս