Բաժիններ՝

Տեխասում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել Հարվի փոթորկի մոտենալու պատճառով

ԱՄՆ-ի Տեխասի նահանգի ափամերձ շրջանների իշխանությունները որոշել են տասնյակ հազարավոր բնակիչների տարհանել Հարվի հզոր փոթորկի մոտենալու պատճառով: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը փրկարար գործողությունների անցկացմանը նախապատրաստվելու շրջանակներում գործի է դրել ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի շուրջ 700 զինծառայողների և ուղղաթիռներ ուղարկել Օսթին և Սան Անտոնիո քաղաքներ:

Սպասվում է, որ կկանգնեցվի նավթավերամշակման և գազամշակման գործարանների աշխատանքը, ինչը կարող է խափանումների հանգեցնել Մեքսիկային նավթամթերքի մատակարարման գործում: Տեխասում են տեղակայված 30 նավթամշակման գործարաններ կամ երկրի բոլոր նավթամշակման գործարանների մեկ երրորդը:

Օդերևութաբանների տվյալներով՝ Հարվի փոթորկն արդեն մինչև երկրորդ կատեգորիա է ուժեղացել ըստ Սաֆիր-Սիմսոնի սանդղակի (ընդամենն այն ներառում է հինգ կատեգորիա) և կարող Է հասնել երրորդին, երբ հասնի Տեխասի ծովափ: Այդ դեպքում այն լուրջ վտանգ կներկայացնի բնակիչների համար: Փոթորիկն իր հետ կբերի հորդառատ անձրևներ և ուժեղ քամի՝ առանձին շրջաններում մինչև 90 միլիմետր տեղումներով, ինչը կարող է ջրհեղեղ առաջացնել: Սպասվում է, որ Հարվին ԱՄՆ-ի հարավարևելյան ծովափին կհարվածի օգոստոսի 25-ի երեկոյան:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter սոցցանցում խնդրել է քաղաքացիներին՝ նախապատրաստվել փոթորկին և հղումներ է արել Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությանը, Փոթորիկների ազգային կենտրոնին և Ազգային անվտանգության կայքին՝ արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելու խորհուրդներով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս