«Բոլոր կարևոր հարցերը Հայաստանը համաձայնեցնում է Ռուսաստանի հետ». Վիգեն Հակոբյան

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ որևէ արտառոց բան չկար ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպման մեջ, դա, ըստ նրա՝ սովորական աշխատանքային հանդիպում էր. «Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, և նման հանդիպումները սովորական են։ Այս հանդիպման ժամանակ հարցերի մեծ շրջանակ է քննարկվել, այդ թվում՝ ռազմավարական հարցերի, որոնք ամեն անգամ քննարկվում են նման հանդիպումների ժամանակ։ Նման հանդիպումները, իհարկե, շատ կարևոր են, քանի որ դրանցից հետո մի շարք հարցեր են լուծվում»։

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել է արցախյան խնդրի կարգավորման հարցը, քանի որ մոտ մեկ ամիս առաջ Պուտինը հանդիպել էր Ալիևի հետ, և նման հանդիպումներից հետո պարտադիր լինում է մյուս կողմի նախագահի հետ հանդիպումը. «Հետևաբար, ես կարծում եմ, որ այդ հարցը նույնպես քննարկվել է, բայց այլ հարթությունում։ Կան մի քանի փոփոխություններ տարածաշրջանային քաղաքականության հարթությունում. մենք բոլորս գիտենք, որ հետաքրքիր հայտարարություն եղավ Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի կողմից՝ այն մասին, թե Թուրքիան ԵՏՄ-ի հետ համագործակցելու հրավեր է ստացել։ Եվ ես կարծում եմ, որ այդ հարցը նույնպես քննարկվել է, քանի որ Հայաստանին դա անհանգստացնում է։ Պարզ չէ, թե ում կողմից է նման հրավեր եղել Թուրքիային, և թե արդյոք այդ հարցը քննարկվե՞լ է ԵՏՄ անդամ մյուս երկրների հետ, թե՞ սա ուղղակի PR հարթությունում է»։

Ըստ նրա՝ քննարկվել են տարածաշրջանային մի շարք հարցեր՝ կապված նաև վերջին շրջանում քննարկվող տնտեսական նախագծերի հետ. «Օրինակ՝ իրանական գազը Եվրոպա արտահանելու և այլնի հետ կապված։ Հիմա Հայաստանում է գտնվում Թուրքմենստանի նախագահը, և ես կարծում եմ, որ այս այցն էլ նման նախագծերի շրջանակներում է։ Բոլորս էլ հասկանում ենք, որ լինելով ՌԴ ռազմավարական դաշնակիցը՝ Հայաստանը բոլոր կարևոր հարցերը համաձայնեցնում է Ռուսաստանի հետ։ Այս իմաստով՝ նորմալ աշխատանքային այց էր, ամենայն հավանականությամբ, եղել են մի քանի պայմանավորվածություններ, և առաջիկայում կտեսնենք՝ դրանք կյանքի կկոչվե՞ն, թե՞ ոչ»։

Տեսանյութեր

Լրահոս