Երևանի հասարակական տրանսպորտում երաժշտություն այսուհետ չպետք է հնչի. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երևանում գործող հանրային տրանսպորտում երաժշտություն չպետք է հնչի: Ընդ որում` ցանկացած տեսակի: Համապատասխան աշխատակիցներն այդ ուղղությամբ իրականացնելու են վերահսկողություն:
««Երևանտրանս» ՓԲԸ ղեկավարության կողմից ուղևորափոխադրումներ իրականացնող բոլոր տնտեսվարող սուբյեկտների տնօրեններին հանձնարարվել է վարորդական աձնակազմին հրահանգավորել տրանսպորտային միջոցներում բացառել երաժշտություն միացնելու դեպքերը: Այդ նպատակով վերը նշված աշխատակիցների կողմից օրվա տարբեր ժամերին պարբերաբար իրականացվում են ստուգայցեր»,- մասնավորապես, ասված է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանին տրամադրված փաստաթղթում` ի պատասխան Տարոն Մարգարյանին ուղղված նրա գրության:
Արայիկ Հարությունյանը քաղաքապետին հիշեցրել էր, որ ներքաղաքային տրանսպորտում երաժշտությունն արգելվում է գործող օրենքով: «2006 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 12-րդ կետը սահմանում է, որ «Ավտմոբիլաբին կանոնավոր փոխադրումների ժամանակ արգելվում է ավտովարորդի և ուղևորների կողմից ավտոբուսի ուղեսրահում երաժշտություն միացնելը ներքաղաքային և մերձքաղաքային փոխադրումներում…»,- մեջբերել է ավագանու անդամը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: