Բաժիններ՝

Կյանքից հեռացել է Պերճ Զեյթունցյանը

Ականավոր արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանն օգոստոսի 21-ին հեռացել է կյանքից: Նա վերջերս էր բոլորել 79 տարին:

Պերճ Արմենակի Զեյթունցյանը (ծնված՝ հուլիսի 18-ին, 1938, Ալեքսանդրիա, Եգիպտոս) ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1989) էր։ 1948 թվականին հայրենադարձել էր։ Ավարտել է Երևանի Ղազարոս Աղայանի անվան միջնակարգ դպրոցը: 1963 թվականին ավարտել է Պյատիգորսկի օտար լեզուների ինստիտուտը։ 1963-1964 թվականներին սովորել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներում։ 1965-1968 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագիրը, 1965-1975 թվականներին` հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի գլխավոր խմբագիրը, 1975-1986 թվականներին՝ Հայաստանի գրողների միության քարտուղարը։ 1991-1992 թվականներին եղել է ՀՀ մշակույթի առաջին նախարարը: Առաջին գիրքը տպագրվել է 1956 թվականին։

Հեղինակ է 12 պիեսների, որոնք բեմադրվել են Երևանի թատրոններում։ Գրքերը թարգմանվել են 11 լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն։

Զեյթունցյանը պետական մրցանակի կրկնակի դափնեկիր է, մշակույթի վաստակավոր գործիչ, Հռոմի արվեստների և հասարակական գիտությունների «Տիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ։ 2007 թվականին Պերճ Զեյթունցյանին հանձնվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան։ Դրանից մի քանի տարի առաջ էլ արժանացել է «Հայ արվեստի ասպետ», ինչպես նաև «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումներին։

Կարդացեք նաև

2013 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով։ 2016 թվականին Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, հայ գրականության և մշակույթի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար պարգևատրվել է Պատվո շքանշանով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս