Ռուսական օդուժը ԻՊ-ի ավելի քան 200 զինյալների է ոչնչացրել Դեր Զորի մոտ
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ավիացիան ոչնչացրել է ԻՊ-ի զինյալների հերթական խոշոր ավտոշարասյունը, որը Դեր Զոր քաղաքի շրջան էր ուղևորվում Սիրիայում: Այդ մասին օգոստոսի 21-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Ռուսաստանի ՕՏՈՒ-ի ռմբակոծիչ և բանակային օդուժի կողմից ոչնչացվել են 20-ից ավելի ավտոմոբիլներ՝ բարձր տրամաչափի սպառազինությամբ և ականանետներով, ինչպես նաև զրահատեխնիկա, ներառյալ տանկեր: Նաև ոչնչացվել են 200-ից ավելի զինյալներ և զինամթերք փոխադրող մեծաբեռնատար ավտոմեքենաներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել են պաշտպանության նախարարությունում, սիրիական զորքերի և Ռուսաստանի ՕՏՈՒ-ի կողմից Ռաքայի նահանգի հարավից և Հոմսի նահանգի արեւմուտքից դուրս մղվող ԻՊ-ի ահաբեկիչները օգոստոսի ընթացքում փորձում են ուժերը կենտրոնացնել Դեր Զորի նահանգում:
«Դեր Զորի շրջանում ԴԱԻՇ-ի ջախջախումը կդառնա Սիրիայում միջազգային ահաբեկչական խմբավորման ռազմավարական պարտությունը»,- ընդգծել է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: