Բաժիններ՝

«Ինձ համար ամենակարևոր խնդիրը շենքի սեյսմակայունությունն ապահովելն է». Ժիրայր Դադասյան

Երևանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի պնդմամբ՝ թատրոնի նոր տարածքի ճարտարապետաշինարարական նախագծի աշխատանքները կազմակերպելը երկար գործընթաց է պահանջում: Նրա խոսքով՝ թեև Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նոր տարածքի բանալին իրենց է հանձնել փետրվարի 15-ին, բայց սեփականության վկայականը նոր են ստացել:

Ժիրայր Դադասյանի դիտարկմամբ՝ տարածքի վերանորոգման համար որոշակի ընթացակարգ պիտի լինի, ամեն ինչ պետք է մրցույթով լինի:

Նա նշեց, որ տարածքի շինարարությունը սկսելու համար անհրաժեշտ էր մրցույթ հայտարարել նախ և առաջ՝ ճարտարապետաշինարարական նախագիծը պատրաստելու համար: Մրցույթը տևել է երկու ամիս, արդյունքում պարզ է դարձել հաղթող կազմակերպությունը:

«Հաղթող կազմակերպությունը պիտի տարածքի ամբողջական նախագիծն անի, որպեսզի այդ տարածքը դառնա թատրոն: Երբ ավարտվի այդ գործընթացը, նոր մրցույթ պիտի հայտարարվի շինարարի համար, քանի որ պետք է ընտրել այն շինարարին, որը պիտի կառուցի այդ շենքը: Դրանից հետո նոր կսկսվի շինարարությունը: Իմ ոչ խիստ մասնագիտական հաշվարկներով՝ լավագույն դեպքում՝ 4 ամիս հետո նոր կսկվի շինարարական աշխատանքը, իսկ թե ե՞րբ կավարտվի, չեմ կարող ասել, բայց հուսով եմ՝ մեկ տարուց ավարտված կլինի»,- ասաց Ժիրայր Դադասյանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ նախագծի պատրաստ լինելուց հետո՝ սեպտեմբերի վերջին, այն դնելու են համընդհանուր քննարկման, հրապարակելու են, որ կարծիքներ հավաքագրեն, որպեսզի բոլորի մասնակցությունը լինի:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ ներկայումս հիմնական խնդիրը վերաբերում է տարածքի ամրությանը: Նա նաև նշեց, որ նախագծային պահանջների մեջ դրված է նաև այն կետը, որ թատրոնը պետք է հագեցվի ձայնալուսային սարքավորումներով, բայց խնդիր է՝ միջոցները կբավականացնե՞ն, թե՞ ոչ:

«Տարածքը գտնվում է երրորդ հարկում, իսկ առաջին և երկրորդ հարկերը դատարկ են: Այդ իսկ պատճառով ամբողջ շենքը նախ պետք է ամրացնել: Ինձ համար հիմա ամենակարևոր խնդիրն է՝ ապահովել շենքի սեյսմակայունությունը, քանի որ այնտեղ մենք հարյուրավոր հանդիսատես ենք ընդունելու,  պիտի շատ ամուր լինի: Այնտեղ պետք է նաև վերելակ լինի»,- հավելեց Դադասյանը:

Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս