«Օրինագիծը Սենատում չի անցնի». ԱՄՆ-ի Սենատը չի հաստատի գրին-քարտի տրման խստացման օրինագիծը
Ամերիկյան աշխատանքային այցագրերի տրման նոր սահմանափակումների ու պայմանների սահմանման մասին օրինագիծը, որն անցած շաբաթ Սպիտակ տանը ներկայացրել են հանրապետական սենատորները, եւ որին աջակցություն է հայտնել նախագահ Դոնալդ Թրամփը, հազիվ թե ներկայիս տեսքով հաստատվի ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի կողմից:
Այս կարծիքը CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ամերիկացի սենատոր Մարկո Ռուբիոն (հանրապետական Ֆլորիդայի նահանգից): Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից օգոստոսի 2-ին տարածած նյութերի համաձայն՝ օրինագծում առաջարկվում է վերացնել այցագրերի խաղարկության՝ ներկայիս համակարգը, որը համարվել է հնացած, ինչպես նաեւ «կասկածելի տնտեսական եւ հումանիտար շահեր» սպասարկող:
Նաեւ նվազեցված է փախստականների կողմից մշտական բնակության իրավունքի ստացման բաժնեմասը: Այժմ տարեկան դրան կարող է հավակնել 13-ից բարձր տարիքի 50 հազար մարդ: Գործող բաժնեմասը նյութերում չի ճշտվում: Օրինագծի մշակողներ են հանդես եկել երկու հանրապետական սենատորներ Թոմ Քոթոնը (Արկանզասի նահանգ) եւ Դեւիդ Փերդյուն (Ջորջիայի նահանգ): Թրամփը նշել է, որ նոր օրինագիծը կփոխարինի նախկին կարգը եւ «կսահմանի գրին-քարտերի ստացման նոր՝ միավորների վրա հիմնված համակարգ»:
«Այդ մրցութային գործընթացի շրջանակներում նախապատվությունը կտրվի այն հավակնորդներին, ովքեր խոսում են անգլերեն, ապահովում են իրենց եւ իրենց ընտանիքները եւ ունեն հմտություններ, որոնք օգտակար կլինեն մեր տնտեսության համար»,- պարզաբանել է Թրամփը:
«Օրինագիծը Սենատում չի անցնի: Կարծում եմ, Սպիտակ տանը հասկանում են, որ դրա համար չի հավաքվի Սենատի օրենսդիրների անհրաժեշտ 60 ձայները»,- նշել է Ռուբիոն:
«Ինչ-որ բանում ես համաձայն չեմ այդ փաստաթղթին: Այն մարդկանց կամայական բաժնեչափ է սահմանում, որոնք կարող են ԱՄՆ գալ գրին-քարտով: Չեմ կարծում, որ պետք է լինի ինչ-որ կամայական քվոտա. այդ թիվը պետք է հենվի մարդկանց պահանջարկի վրա»,- ասել է Ռուբիոն: «Չեմ ցանկանում սահմանափակել օրինական ներգաղթը, սակայն ես կցանկանայի փոխել դրա կարգավորումը»,- հավելել է սենատորը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:



