Իտալիայում սաստիկ անտառային հրդեհները ևս երեք մարդու կյանք են խլել
Երեք մարդ է զոհվել սաստիկ անտառային հրդեհների հետեւանքով, որոնք մոլեգնում են կենտրոնական եւ հարավային Իտալիայում: Այդ մասին երեկոյան հայտնել են ազգային հրշեջ ծառայության ներկայացուցիչները: Նրանք Ապենիններում անտառային հրդեհների արդեն առաջին զոհերը չեն, հուլիսին հաղորդվել էր առնվազն երկու զոհված տղամարդու մասին:
Անտառային հրդեհներն Իտալիայում մոլեգնում են հուլիսի սկզբից, երբ աֆրիկական «Հարոն» անտիցիկլոնը շիկացած օդի զանգվածներ բերեց Սահարա անապատից: Այժմ երկրի կենտրոնական եւ հարավային տարածաշրջաններում զգացվում է «Լյուֆիցեր» անտիցիկլոնի հրե շունչը, որն անոմալ բարձր ջերմաստիճաններ է առաջացրել եւ մի շարք շրջաններում գերազանցել պատմական առավելագույնները:
Կլիմայագետները նշում են, որ ներկայիս ամառը ամենաշոգն է դարձել Իտալիայում կանոնավոր օդերեւութաբանական դիտարկումների ամբողջ գրեթե երկուհարյուրամյա պատմության ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



