«Միայն նպաստներ տրամադրելով՝ այս ընտանիքների աղքատության խնդիրները չեն կարող լիարժեք լուծվել». Արտեմ Ասատրյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ սոցիալական պաշտպանության ոլորտին 2016թ. բյուջեով հատկացվել է 360 մլրդ դրամ կամ պետբյուջեի 27.4%-ը, որի շրջանակում իրականացվել է մոտ 9 տասնյակ ծրագիր։
«Այս 360 մլրդ դրամից շուրջ 350 մլրդ դրամը դրամական վճարումների տեսքով տրանսֆերտներն են բնակչությանը՝ կենսաթոշակներ, նպաստներ, պարգևավճարներ, պատվովճարներ, և այլն։ Այսինքն, շուրջ 95%-ը տրամադրվում է մոտ 1 մլն 200 հազար քաղաքացիների՝ տրանսֆերտների տեսքով, և այստեղ հիմնական խնդիրը, որը դրվել է կառավարության առջև՝ 1 դրամի առավելագույն հասցեականություն և արժեք ապահովելու սկզբունքի իրականացումն է։ Մնացած ծրագրերը, որոնք իրականացվել են ոլորտում, այդ սկզբունքը պահպանելու միջոցով են իրականացվել»,- ասաց նա։
Նա նշեց, որ զբաղվածության ակտիվ ծրագրերի շրջանակներում հիմնական շեշտադրումն աշխատունակ տարիքի անձանց ոչ թե պասիվ ծրագրերի մեջ ընդգրկելն ու դրամական վճարումներ տրամադրելն է, այլ ժամանակավոր զբաղվածության, ինքնազբաղվածության և կայուն զբաղվածության ծրագրերի իրականացումը։
«Անապահովության գնահատման համակարգի շրջանակներում 106 հազար ընտանիք տարվա ընթացքում ստանում է պետական սոցիալական աջակցություն՝ պետական նպաստի տեսքով։ Նպաստի միջին չափը 31 հազար դրամ է։ Միայն նպաստներ տրամադրելով՝ այս ընտանիքների աղքատության խնդիրները չեն կարող լիարժեք լուծվել, և այս առումով՝ կարևորում ենք սոցիալական ծառայությունների շարունակականությունը»,- ասաց նա։