«Ռուսաստանը փորձում է սիրաշահել Ադրբեջանին». Հովհաննես Իգիթյան
ՀՀՇ վարչության անդամ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանի գնահատմամբ՝ արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը կամ չունի կարծիք, կամ ունի բացահայտ Ռուսաստանի գնծին համապատասխանող կարծիք, ինչն ըստ փորձագետի՝ վտանգավոր է։
«Որևէ մեկը Հայաստանին չի պատժելու, եթե նա Իրանի հետ տանի այն քաղաքականությունը, որը բխում է Հայաստանի և Իրանի շահերից։ Դա տեսականորեն հայտարարվում է, ու Իրանի կողմից քայլեր մենք տեսնում ենք։ Արաբական աշխարհի հետ մենք ունենք առանձնահատուկ հարաբերություններ, և ոչ ոք չի զարմանա, Հայաստանին չի պատժի, եթե Հայաստանն այդ կարծիքը հայտնի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նա։
Բերելով այլ երկրների օրինակներ՝ բանախոսը պարզաբանեց, որ ոչ մի երկրի իր մոտեցումների համար չեն պատժում. «Նույնիսկ Ռուսաստանն Ադրբեջանին հակառուսական քվեարկությունների համար չի պատժում, այլ հակառակը՝ Ռուսաստանը փորձում է սիրաշահել Ադրբեջանին՝ լավ պայմաններ առաջարկելով՝ տանելով իր կողմ։ Ընդհանրապես հաշվի են նստում այն երկրների հետ, որոնք ունեն տեսակետ։ Ես հիշում եմ, որ 1990-ականներին, երբ մի երկիր միջազգային ատյաններում միակողմանի հայտարարություն էր անում Արցախի հարցի հետ կապված, օրինակ՝ հայտարարում էր, որ կոնֆլիկտը պետք է լուծվի տարածքային ամբողջականության հենքի վրա, մենք միանգամից փորձում էինք այդ երկրի հետ հարաբերություններ ստեղծել ու ներկայացնել մեր տեսակետը»։
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է ունենա իր կարծիքը, եթե անգամ դա չի համապատասխանում աշխարհի զարգացած երկրների և հատկապես՝ Ռուսաստանի կարծիքին։
168.am-ը հետաքրքրվեց՝ իսկ ինչո՞ւ Հայաստանը չի արտահայտում իր կարծիքը, Ռուսաստանի՞ց ենք վախենում, թե՞ չունենք դիվանագիտություն։
«Ինձ թվում է, որ պետության ղեկավարությունն ու արտաքին դիվանագիտություն տանողները տարբեր խնդիրներից ելնելով՝ մտածում են՝ ավելի լավ է չխոսել։ Ընդհանրապես, եթե նկատել եք, Հայաստանը տեսակետ ունի միայն այն հարցերի հետ կապված, որտեղ Ռուսաստանի խնդրանքը կամ շահերը կան։ Նույնիսկ այն հարցերում, որտեղ Հայաստանն ունի բացահայտ իր շահը և հնարավորությունները, Հայաստանը լռում է։ Ընդհանրապես կապ չունի երկրի մեծությունը կամ բնակչության քանակը. երկիրը դառնում է ճանաչված՝ իր տեսակետներով»,- պարզաբանեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում