«Հայաստանի նախագահն այդ մասին խոսում է, նա կարող է բացեիբաց խոսել, իսկ Ադրբեջանի նախագահը՝ ոչ»

«Խնդիրն այն է, որ բանակցային սեղանին գրեթե միևնույն փաստաթղթերն են, որոշները կոչվում են Մադրիդյան սկզբունքներ, կարելի է անվանել Մուսկոկյան, մինչ այդ եղել է Պրահայինը։ Կարելի է անվանել նաև Կազանյան, դա տարբերակներից մեկն է այն նույն փաստաթղթի, որը ես հաճախ անվանում եմ Մադրիդյան սկզբունքներ։ Տարբերությունները չնչին են, սկզբունքը նույնն է՝ տարածքներ՝ կարգավիճակի դիմաց։ Եվ Մադրիդյան սկզբունքների գաղափարն այն է, որ տարածքների կարգավիճակը բաժանվի 2 մասի, մասնավորապես՝ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի և միջանցքի։ Թե ի՞նչ միջանցք, դա նույնպես քննարկվող հարց է։

Դրանք ինչ-որ կերպով փոխանցվում են, այսինքն՝ ամրագրվում է դրանց պատկանելիությունը հայկական կողմին, այսինքն՝ անկախությունն ու Հայաստանին հանձնելը ուրիշ խոսակցություն է, կարևորը որ ամրագրվում են, դրա դիմաց մնացած տարածքները վերադարձվում են Ադրբեջանին։ Այդ սցենարով բանակցություններ վարելը որևէ մեկի հետ անհնար է, քանի որ մենք գործընկեր չունենք բանակցությունների համար»,- 168.am-ին ասել է «Կովկաս ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով Ազգային ժողովում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, որ բանակցային սեղանին Կազանյան փաստաթուղթն է։

Ըստ նրա՝ Ադրբեջանը համաձայնում է դրան փակ դռների հետևում, բայց չի կարող այդ մասին հրապարակային խոսել. «Այս իրավիճակը վաղուց է ձևավորվել և այն կմնա գրեթե նույնը։ Բայց այլ փաստաթուղթ չկա, գոյություն չունի, սեղանին այս սկզբունքներն են՝ անկախ նրանից, թե դրանք ինչպես կկոչվեն։ Հայաստանի նախագահն այդ մասին խոսում է, նա կարող է բացեիբաց խոսել, իսկ Ադրբեջանի նախագահը՝ ոչ, չի կարող ասել այդ մասին։ Բայց, կրկնեմ, սկզբունքները նույնն են, տարբերությունը տեխնիկական է և դա գրեթե այդպես էլ կմնա։

Միջազգային հանրությունը, համանախագահները չեն կարող խոսել այլ լեզվով, նրանց լեզուն դիվանագիտությունն է, փոխադարձ զիջումները, իսկ ներսում փոխադարձ զիջումների համար հող չկա, բայց բանակցությունները գնում են այդ լեզվով և դրանք ոչ թե բանակցություններ են, այլ բանակցությունների իմիտացիա։ Իրականում իսկական բանակցություններն ընթանում են բռնությունները դադարեցնելու խնդրի շուրջ»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս