Միջնորդների խնդիրն է անել հնարավորը՝ ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու համար. Իգոր Պոպով
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդի (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա)՝ հունիսի 10-ին նախատեսված Հայաստան այցի շրջանակում համանախագահները հանդիպում կունենան ՀՀ նախագահի, պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հետ:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:
«Ֆրանսիական և ամերիկյան կողմերի համանախագահների, ինչպես նաև դեսպան Անջեյ Կասպշիկի հետ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հունիսի 1ին կլինենք Հայաստանում: Մենք ուզում ենք հստակեցնել հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Նախատեսվում է արդիական հարցերի քննարկում՝ այդ թվում՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ ապրիլի վերջին կայացած հանդիպման արդյունքները: Հաջորդ օրը նախատեսվում է այց Լեռնային Ղարաբաղ: Ընդունված կարգի համաձայն՝ հանդիպումների արդյունքում ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում կհրապարակվի համապատասխան հայտարարություն»,- ասաց ռուսաստանցի համանախագահը՝ նաև տեղեկացնելով, որ հաջորդ շաբաթվա վերջին
համանախագահներն այցելելու են Բաքու:
Հարցին, թե արդյոք նման հասցեական հայտարարությունները, ինչպես վերջերս հնչեցրել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, կարո՞ղ են ինչոր կերպ նպաստել արցախադրբեջանական շփման գծում լարվածության նվազեցմանը, Իգոր Պոպովը պատասխանեց. «Մեր հայտարարության մեջ դատապարտվում են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները, և հակամարտության կողմերին կոչ է արվում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները շփման գծում և հայադրբեջանական սահմանին լարվածության հետագա սրումը կանխելու համար: Ինչպես արդեն նշեցի, հակամարտության գոտում տիրող իրավիճակը, զարգացման հեռանկարները կլինեն տարածաշրջան կատարելիք առաջիկա այցի քննարկման առարկան: Որպես միջնորդներ՝ մեր խնդիրն է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի հակամարտությունը կարգավորվի բացառապես խաղաղ, քաղաքականդիվանագիտական միջոցներով: Շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ»-, եզրափակեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը: