Երբ Հայաստանը կստանա եվրոպական մրցանակը
«Եվրամիությունը հստակորեն նշում է այն առանձնահատուկ պայմանները, որոնց բավարարելու դեպքում տվյալ երկիրը կարող է ստանալ առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ։ Սակայն մյուս կողմից՝ դա ևս «մրցանակ» է եվրոպամետ քաղաքականության, տվյալ երկրի կառավարության կողմից բարեփոխումների իրականացման, ժողովրդավարության հաստատման համար։
Կարծում եմ, որ Հայաստանը կարող է ստանալ առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ, սակայն՝ ոչ մոտ ապագայում։ Երևանը պետք է ապացուցի, որ ընդունակ է արդիականացնել երկիրը, ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ ամուր հիմքեր ստեղծել, կառավարման համակարգի կառուցվածքը մոտեցնել Եվրամիության չափանիշերին»,- մեր թղթակցին ասել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտը՝ մեկնաբանելով Եվրամիության հետ Հայաստանի վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունները և համաձայնության հասնելու ժամկետները։
Ըստ նրա՝ ամենակարևորն այն է, թե Հայաստանի իշխանություններն ի՞նչ կանեն Հայաստանի և Եվրոպական Միության միջև աշնանը Բրյուսելում ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հետ, արդյոք կօգտագործե՞ն այդ հնարավորությունը բարեփոխումների համար, թե՞ այն ուղղակի կհամարեն իրենց դիվանագիտական հաջողությունը, որը ոչ մի կապ չունի Հայաստանի ներքին իրադրության հետ։
Թե ինչպես, ի վերջո, կազդի մեր տարածաշրջանում իրադրության վրա և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից Եվրամիության հետ համագործակցության պայմանագրերի ստորագրումը, Կ. Զաշտովտն այդ առումով կարևորեց նաև մյուս հարցերը՝ տարածաշրջանում անվտանգության խնդիրը, Ղարաբաղյան հակամարտությունը. «Եվրամիությունը Երևանի կամ Բաքվի հետ ստորագրելով համագործակցության ցանկացած փաստաթուղթ՝ հույս է փայփայում տարածաշրջանում գեթ որոշ ազդեցության լծակներ պահպանել և կանխել հակամարտության էսկալացիան։ Իհարկե, ցավոք սրտի, այստեղ Բրյուսելն այնքան էլ շատ լծակներ չունի հակամարտող կողմերի վրա»։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: