Բաժիններ՝

«Երեխան դառնում է կռվախնձոր». Նելլի Դուրյան

Հայաստանում ընթացիկ տարվա 4 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երեխաների նկատմամբ բռնության դեպքերը նվազել են: Այս մասին  մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-­րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

2017թ. 4 ամիսներին ՀՀ­-ում երեխաների նկատմամբ գրանցվել է բռնության 59 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է անչափահասների նկատմամբ բռնության 71 դեպք, այսինքն` այս տարի հունվար­ապրիլ ամիսներին նման դեպքերի թիվ 12 ­ով նվազել է:

Նելլի Դուրյանը տեղեկացրեց, որ ընդհանուր դեպքերի թվում նվազել են սեռական բռնության դեպքերը: Մասնավորապես, այս տարի չորս ամիսներին գրանցվել է սեռական բռնության 24 դեպք, նախորդ տարվա 34­-ի փոխարեն: Ընտանեկան բռնության դեպքերը եղել են 4­-ը, նախորդ տարվա 4­-ի դիմաց:

«Կանխարգելիչ միջոցառումները շատ կարևոր են: Դպրոցներում և հարակից տարածքներում դպրոցական տեսուչների կողմից զգալի աշխատանք է կատարվել: Կանխարգելիչ աշխատանքների շրջանակում տեսուչները դաս են անցկացնում: Ի դեպ, նաև ավանդույթ է դարձել, որ բարձրաստիճան ոստիկաններն են գալիս դպրոցներ դասեր վարելու համար»,­-ասաց Նելլի Դուրյանը:

Դպրոցներում տեսուչների աշխատանքի շնորհիվ է, որ դպրոցներում և հարակից տարածքներում այս տարի չի արձանագրվել անչափահասների նկատմամբ բռնության դեպք: Անդրադառնալով երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներին` Նելլի Դուրյանը նշեց, որ հիմնականում դրանք կապված են բաժանված ընտանիքների հետ, երբ ծնողները ամուսնալուծվում են ու կռվախնձոր են դառնում երեխաները:

«Երեխան դառնում է կռվախնձոր, նրան մի ծնողից մյուսին տալու համար գործը հասնում է ոստիկանությանը: Բարձրացվում են հարցեր, ծնողի, տատիկի, պապիկի տեսակցության հետ կապված: Այստեղ ոստիկանությունը որոշակի դերակատարություն ունի և փորձում ենք աջակցել երեխաներին»,­-ասաց Նելլի Դուրյանը` նշելով, որ աշխատանքային խորհրդաժողովի ժամանակ այս խնդիրը բարձրաձայնվել է նաև ՄԱԿ­-ի գրասենյակում: Նելլի Դուրյանը նշեց, որ ոստիկանության տեսադաշտում հայտնված երեխաները հիմնականում միակողմանի ընտանիքիներից են՝ միայնակ մայրեր, որոնք չեն կարողանում շփվել երեխաների հետ, հասկանալ դեռահասի խնդիրները:

Ոստիկանության գնդապետը, խոսելով ընտանեկան բռնությունների մասին, նշեց, որ այդ առումով հասարակության շրջանում տեղեկացվածության մակարդակը բարձրացել է: Մարդիկ տեղյակ են, գիտեն, թե ինչ է ընտանեկան բռնությունը և, ըստ այդմ էլ, այդ հարցերով դիմելիությունն ավելանում է:

Նելլի Դուրյանը նկատեց, որ այլ պետությունների համեմատ Հայաստանում երեխաների նկատմամբ բռնությունների թիվը բավական ցածր է: «Մեզ համար ուրախանալին այն է, որ նախորդ տարվա համեմատ նվազում է արձանագրվել, չնայած դրան, պետք է հասնել
նրան, որ ընդհանրապես բռնություն չլինի, ոչ ընտանիքում, ոչ հաստատություններում, փողոցներում»,­-հավելեց Նելլի Դուրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս