Բաժիններ՝

Ախ այդ սպիտակ խալաթները

Երբ նոր էինք դարձել բժշկականի ուսանող, սպիտակ խալաթ հագնելը մի յուրահատուկ հաճույք էր և հպարտություն: Սակայն չնկատեցինք էլ ինչպես, սկսեցինք խալաթները ծալել և տոպրակի մեջ կախել բժշկականի դարպասների կողքի ճաղերին: Մեզ սկսեցին հանել լեկցիաներից՝ խալաթ չհագնելու պատճառով, իսկ մենք փնտրում էինք բազմաթիվ հնարավոր և անհնար պատճառներ, թե ինչու խալաթով չէինք:  Եվ այդպե ս էլ ավարտեցինք բժշկական համալսարանը և մտանք հիվանդանոց:

Ընդհանրապես, համազգեստի հանդեպ զգացողություններս երկակի են:  Մի կողմից, համազգեստը ընդգծում է տվյալ մասնագիտությունը և որոշակի հավասարություն է ստեղծում, սակայն մեկ այլ տեսանկյունից, այն ծածկում է անհատականությունը և ինդիվիդումին դարձնում ամբողջության մի մասնիկ:

Տարբեր երկրներում տարբեր են ընդունված ավանդույթները և մոտեցումները: Զարգացած եվրոպական երկրներում, բժիշկները, բացի սպիտակ խալաթներից, հիմնականում հագնում են նաև կարճաթև սպիտակ համազգեստ, ամերիկյան կլինիկաներում ոչ միշտ է սպիտակ խալաթը պարտադիր և, հիմնականում, բիզնես կամ խելամիտ-ամենօրյա ոճն է:  Աշխարհահռչակ Մեյո կլինիկաներում դժվար է գտնվել սպիտակ խալաթով բժիշկների, այնտեղ դա արգելված է և աշխատակիցները հագնվում են բիզնես ոճի:

Մի անգամ ընկերոջս հետ, ով ղեկավարում է Ամերիկայի լավագույն կենտրոններից մեկի վիրաբուժական բաժանմունքը, մտանք մեր կլինիկա: Այդ օրը հագել էի կեդեր, ջինսեր և ինչ-որ գրությամբ ամառային վերնաշապիկ: Ավոն զարմացած հարցրեց.

-Դու այս տեսքով ես կլինիկա մտնելու, չես փոխվելո՞ւ:

-Ավո ջան, խնդրում եմ այլ տեղ չասես, որ Ամերիկայում բոլորդ փողկապով եք գնում կլինիկա: Երբ այսպես եմ հագնվում, շատերը մտածում են, որ Ամերիկայում եմ սովորել, ուրեմն այնտեղ ձևն այդպես է: Այսպես էլ ախր շատ հարմար է…

Ծիծաղեցինք:

Հնում բժիշկները սպիտակ խալաթներ չէին հագնում: Երբ նայում ենք 19-րդ դարի Անգլիայի կտավները, բժիշկները մուգ կոստյումներով են: Այնուհետև, արդեն 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին բժիշկներն արդեն պատկերված են սպիտակ խալաթներով: Պատճառը գիտությունն էր: Սպիտակ խալաթը, հիմնականում, բնորոշ էր լաբորատորիայում աշխատող գիտնականներին: Վաղ ժամանակներում բժիշկները ավելի շատ ասոցացվում էին հեքիմների հետ, և որպեսզի փոխվի այդ կարծրատիպը և ընդգծվի բժշկության գիտական հենքը, բժիշկներն էլ սկսեցին փոխ առնել գիտնականների համազգեստը՝ սպիտակ խալաթը՝ ժաման ակի ընթացքում «սեփականաշնորհելով» այն…

Վերջերս, Ֆիլիպ Լեդերերը՝ ինֆեկցիոնիստը Հարվարդից, պետիցիա էր նախաձեռնել՝ բժիշկներին առաջարկելով չհագնել սպիտակ խալաթներ: Նա համոզված է, որ սպիտակ խալաթները հանդիսանում են ինֆեկցիայի փոխանցման աղբյուր: Ամերիկայում կատարված հետազոտությունը, որին մասնակցել է 149 բուժաշխատող, ցույց է տվել, որ բուժաշխատողների 64%-ը չեն լվացել իրենց սպիտակ խալաթը շաբաթը գոնե մեկ անգամ, իսկ 17%-ը՝ ամիսը մեկ անգամ: Նույն հետազոտությունը նաև հայտնաբերել էր, որ ուսումնասիրված խալաթների համարյա քառորդն աղտոտված է եղել ստաֆիլոկոկային ինֆեկցիայով:

Եթե անկեղծ, ինքս համոզված չեմ՝ արդյոք անհրաժեշտ է սպիտակ խալաթներից հրաժարվելը, և արդյոք, իրականում, խալաթները ինֆեկցիայի նշանակալի աղբյուր են, սակայն մի բան հաստատ է, որ Նատալի Փորթմանին բժշկական խալաթը շատ է սազում…

Գևորգ Ն. Թամամյան
Բժշկական գիտությունների թեկնածու, գիտությունների մագիստրոս

ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի դասախոս

Գերմանիայի Ուլմի համալսարանի մանկական ուռուցքաբանության դասախոս

ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի մանկական ուռուցքաբան, արյունաբան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս